Օրերս կայացավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն ԱՄՆ և հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ի տարբերություն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ապրիլին Մոսկվա կայացած այցի և դրանից հետո արված պաշտոնական մեկնաբանությունների (այդ ժամանակ ԱՄՆ պետաքարտուղարը հայտարարեց, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ցածր մակարդակի վրա և կողմերի միջև առկա է ցածր մակարդակի վստահություն), այս անգամ կողմերի արձագանքներն ավելի դրական էին և հուսադրող:
Մասնավորապես, Լավրով-Թրամփ հանդիպումից հետո Սպիտակ տունը հայտարարություն տարածեց, որում ԱՄՆ-ը պատրաստակամություն է հայտնում ավելի լայն շրջանակներում համագործակցելու ՌԴ հետ՝ լուծելու Մերձավոր Արևելքում և այլ վայրերում առկա հակամարտությունները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ իր հերթին, Լավրովի հետ հանդիպումը «շատ-շատ լավը» անվանեց և հույս հայտնեց, որ ՌԴ հետ կունենան «երկուստեք շահավետ» հարաբերություններ: Հանդիպումներից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ իրենց երկխոսությունը եղել է «գաղափարախոսություններից ազատ», ինչպիսին չէր ԱՄՆ նախկին վարչակարգի ժամանակ, և որ ԱՄՆ ներկայիս նախագահը և պետքարտուղարը «գործարար» մարդիկ են, ովքեր ցանկանում են հասնել համաձայնության:
ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ներկայիս վիճակի և հետագա հնարավոր զարգացումների մասին որևէ մակնաբանություն անելուց առաջ, կարևոր է անդրադառնալ ԱՄՆ ներկայիս և նախկին վարչակարգերի կողմից տարվող արտաքին քաղաքականությունների հիմնական, առանցքային տարբերությանը: Եթե Օբամայի վարչակարգն ԱՄՆ միջազգային հեղինակությունն առավելապես կառուցում էր ԱՄՆ-ի՝ որպես արժեքներ քարոզողի և տարածողի իմիջի վրա, ապա դատելով մինչ օրս Թրամփի վարած արտաքին քաղաքականությունից, պետք է փաստենք, որ ԱՄՆ միջազգային հեղինակության վերաբերյալ վերջինիս պատկերացումները լրիվ այլ են:
ԱՄՆ նոր վարչակարգի պատկերացմամբ, ԱՄՆ միջազգային հեղինակությունը, պետք է հիմնված լինի այսպես կոչված «հաջողության պատմությունների» (success stories) վրա, այն խնդիրների լուծման հարցում, որոնցում ԱՄՆ ունի ներգրավածություն: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նոր վարչակարգն, առավելապես կենտրոնացած լինելով ԱՄՆ ներքին խնդիրների վրա, չի ցանկանում իր վրա վերցնել արտաքին խնդիրների համար ողջ պատասխանատվությունը: Այս պարագայում «հաջողության պատմությունները» հնարավոր են միայն արտաքին այլ դերակատարների հետ ձեռք բերած պայմանավորվածությունների և դրանց կյանքի կոչման պարագայում:
Ուստի, դատելով ԱՄՆ նոր և հին վարչակարգերի կողմից տարվող արտաքին քաղաքականության այս հիմնական տարբերությունից, կարող ենք փաստել, որ իրադարձությունների զարգացման այս փուլում, ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հստակ պայմանավորվածությունների ձեռքբերումը և դրանց հաջող իրականացումը, կարելի է առավել քան իրատեսական համարել: