Ռուսաստանը որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և կոչ է անում կողմերին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ հակամարտության գոտում հետագա էսկալացիայի և լարվածության կանխարգելման համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենօրյա ճեպազրույցում անդրադառնալով վերջին օրերին արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանը: «Տարբեր աղբյուրներից ստացված տեղեկություններով՝ մայիսի 15-ի կեսօրին ադրբեջանական կողմից գնդակոծվել է շփման գծի մյուս կողմում գտնվող ռազմական օբյեկտ, ինչին համապատասխանաբար արձագանքել է մյուս կողմը: Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այս հարցում ես բազմիցս ասել եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդգծել է Զախարովան:
Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարարների մակարդակով եռակողմ հանդիպման հնարավորությանը՝ Զախարովան ասել է, որ դեռևս հայտարարելու բան չունի, եթե նման շփումներ նախատեսվեն, ապա այդ մասին կտեղեկացնեն: