«Ավրորա» 2017թ. մրցանակի շնորհման արարողության և ուղեկցող միջոցառումների նախօրեին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան: Նա կհանդիպի Հայաստանի և Արցախի պետական, մշակութային ու հոգևոր գործիչներին և կներկայացնի իր գործունեությունն ու 2016թ. «Ավրորա» մրցանակի ազդեցությունը, հայտնում է IDeA հիմնադրամի մամուլի ծառայությունը:
«Անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան, այս անգամ արդեն ավելի շատ պատմություններով: Ես Հայաստան եմ բերել այն բոլոր երջանիկ մանուկների ու երիտասարդների ուղերձը, որոնք «Ավրորա» մրցանակի շնորհիվ այսօր օթևան ունեն կամ որակյալ կրթություն են ստանում: Նրանք այժմ կարող են երազել ավելիին հասնելու մասին, - ասաց «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, - անհամբերությամբ սպասում եմ՝ հանդիպելու Հայաստանի և Արցախի երիտասարդներին, կանանց ու բոլոր նրանց, ովքեր իրենց հյուրընկալ դռներն են բացելու իմ առաջ»:
Երևանից Մեգին կուղևորվի Հայաստանի հարավ. կայցելի Տաթևի միջնադարյան վանական համալիր, Գորիսում կհանդիպի տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մշակութային գործիչների և ուսանողների հետ, կայցելի Աքսել Բակունցի տուն-թանգարան: Մարգարիտ Բարանկիցեն այնուհետև կմեկնի Արցախ, որտեղ Շուշիում կայցելի Ս. Ղազանչեցոց եկեղեցի և Վերին մզկիթ, «Նարեկացի» արվեստի կենտրոն, որտեղ տեղի կունենա մշակութային միջոցառում: Ստեփանակերտում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Արցախի պետական համալսարանի ուսանողներին, կայցելի Զոհված ազատամարտիկների թանգարան, այնուհետև կմեկնի Գանձասար:
Մարգարիտը կլինի նաև Գյումրիում, կայցելի Հայ կաթողիկե եկեղեցի, «Թռչունյան» մանկատուն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մարգարիտ Բարանկիցեն կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ին: Էջմիածնում մրցանակի առաջին դափնեկիրը կհանդիպի նաև «Altitude 5165» մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Մայիսի 26-ից Մեգին հարյուրավոր այլ հյուրերի հետ Երևանում և Դիլիջանում կմասնակցի «Ավրորա» մրցանակի միջոցառումներին, որոնք կամփոփվեն մայիսի 28-ին, Երևանում՝ մրցանակի շնորհման արարողությամբ: