Կայացավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին այցն արտերկիր՝ Սաուդյան Արաբիա: Առաջին երկիր այցի ընտրությունն ավանդաբար կարևորվել է ԱՄՆ քաղաքական մշակույթում: Առաջին երկիր այցով պայմանավորված, հնարավոր է եղել որոշակի ենթադրություններ անել երկրի արտաքին քաղաքականությունում ԱՄՆ նախագահի ունեցած առաջնահերթությունների մասին: Եթե նախկինում ԱՄՆ նախագահների այցերը հիմնականում տեղի են ունեցել հարևան երկրներ կամ ԱՄՆ եվրոպական դաշնակից երկրներ, ապա Դոնալդ Թրամփն իր առաջին այցով որոշակիորեն շեղվեց գործող ավանդույթից:
Երկրի ընտրությունը հատկանշական էր նաև նրանով, որ այն մահմեդական երկիր էր: Ինչպես գիտենք, այս ընթացում Թրամփն աչքի է ընկել մահմեդական աշխարհի հանդեպ իր կտրուկ արտահայտություններով և քայլերով (ինչպես օրինակ գերազանցապես մահմեդական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ սահամանափակող Թրամփի կարգադրությունը), որոնք Թրամփի հասցեին մահմեդական աշխարհի հանդեպ կանխակալ վերաբերունք ունենալու մեղադրանքների պատճառ դարձան: Այցն, իհարկե, նաև հատկանաշական էր նրանով, որ պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ նոր ձևաչափով՝ Արաբ-իսլամական ամերիկյան գագաթաժողովը, որն անցկացվեց «Միասին մենք գերակշռում ենք» նշանաբանի ներքո:
Գագաթաժողովի ընթացքում մահմեդական աշխահի առաջնորդների առաջ ԱՄՆ նախագահը հանդես եկավ լայնածավալ ելույթով, որը մի շարք կարևոր ուղերձներ էր պարունակում Մերձավոր Արևելքում ԱՄՆ հետագա քաղաքականության հիմնական ուղենիշների մասին: Ստորև անդրադառնանք այդ հիմնական ուղերձներին:
Մինչ ելույթի հիմնական շեշտադրումներին անդրադառնալը, կարևոր է նկատել, որ իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարեց երկու նոր նախագծերի մեկնարկի մասին: Առաջինը, Ծայրահեղական գաղափարախոսության դեմ պայքարի կենտրոնի (Global Center for Combating Extremist Ideology) հիմնումն է, որի գործունեության հիմքում, ինչպես Թրամփը հայտարարեց, պետք է ընկած լինի գերազանցապես մահմեդական բնակչություն ունեցող երկրների առաջնային դերակատարությունը ծայրահեղության դեմ պայքարում: Մյուսը մահմեդական երկրների կողմից ահաբեկչության ֆինանսավորումը թիրախավորող կենտրոն հիմնելու վերաբերյալ պայմանագրին էր: Կենտրոնում կհամանախագահեն ԱՄՆ և Սաուդյան Արաբիան, դրան կմիանա Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամները:
Անդրադառանալով ելույթի հիմնական շեշտադրումներին՝ պետք է փաստենք, որ Թրամփի ուղերձում կարմիր գծով շարադրված էր այն թեզը, որ մահմեդական երկրներից յուրաքանչյուրը պետք է այսուհետ ստանձնի ահաբեկչության դեմ պայքարի իր բաժին պատասխանատվությունը և չսպասի, որ ԱՄՆ-ը կգա և իր փոխարեն կոչնչացնին հակառակորդին: Մահմեդական երկրների առաջնորդների մոտ պատասխանատվության զգացումը մեծացնելու նպատակով էր, թերևս, որ իր խոսքում Թրամփն ընդգծեց, որ համաձայն տարբեր գնահատականների՝ ահաբեկչությունից տուժած մարդկանց 95 տոկոսից ավելին հենց մահմեդականներ են: Դա Թրամփի արտաքին քաղաքականությունում մինչ այս նկատվող կայուն գծերից է. դաշնակիցների հետ հարաբերություններում կատարել պատասխանատվության վերաբաշխում՝ այլևս չկրելով պատասխանատվության ամբողջական բեռը: Նույն տրամաբանությունն է բնորոշ նաև ԱՄՆ-ի՝ իր ՆԱՏՕ դաշնակիցների հանդեպ առ այսօր տարվող քաղաքականությանը:
Երկրորդ, ԱՄՆ նախագահը բացահայտ հայտարարեց, որ իրենք պատրաստվում են վերանայել իրենց արտաքին քաղաքականության այն գործիքները, որոնք մինչ այս չեն աշխատել: Ըստ ԱՄՆ նախագահի՝ այսուհետ իրենց որոշումները հիմնված են լինելու «իրական արդյունքների, այլ ոչ թե անհողդողդ գաղափարախոսության վրա»: Սա թերևս համապատասխանում է, մինչ այս կանխորոշված՝ գաղափարախոսության վրա հիմնված արտաքին քաղաքականությունից դեպի իրական քաղաքականություն անցմանը: Նման քաղաքականության դեպքում, դժվար թե արժեքները չստորադասվեն քաղաքական շահերին, չնայած որ Թրամփն իր այս քաղաքականությունն անվանեց «սկզբունքային ռեալիզմ` հիմնված հիմնարար արժեքների և ընդհանուր հետաքրքությունների վրա»:
Երրորդ, հակադարձելով իր ընդդիմադիրների՝ մահմեդական աշխարհի հանդեպ կանխակալ վերաբերմունք ունենալու մասին մեղադրանքներին, իր ելույթում Թրամփը փորձեց որևէ ջրբաժան չանցկացնել մահմեդական և քրիստոնյա ժողովուրդների միջև՝ ահաբեկչության դեմ պայքարը կոչելով պայքար ոչ թե տարբեր կրոնների, կրոնական խմբերի կամ քաղաքակրթությունների միջև, այլ ինչպես ինքն անվանեց՝ «պայքար բարբարոս հանցագործների, ովքեր ձգտում են ոչնչացնել մարդկային կյանքը, և բոլոր կրոններին պատկանող պարկեշտ մարդկանց միջև, ովքեր ձգտում են պաշտպանել այն»:
Ամփոփելով կարող ենք փաստել, որ մահմեդական աշխարհին ուղղված ԱՄՆ նախագահի ելույթում ուրվագծվեց ԱՄՆ արտաքին քաղաքականությույան որոշակի փոփոխություն՝ պատասխանատվության վերաբաշխում, որտեղ դաշնակիցներից յուրաքանչյուրը պետք է ստանձնի պատասխանատվության իր բեռը: Իհարկե, սրանից չենք կարող ենթադրել, որ ԱՄՆ պատրաստվում է թուլացնել իր դիրքերը տարածաշրջանում: ԱՄՆ իր ներկայությունը կշարունակի պահպանել՝ խորացնեով երկկողմ հարաբերություններն իր դաշնակիցների հետ, որոնցից կունենա հստակ ակնկալիքներ՝ հիմնված գործնական հարաբերությունների վրա՝ «ինչն ինչի դիմաց սկզբունքով»:
Տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների շարքում թերևս առաջանային դեր կստանձնի հենց Սաուդյան Արաբիան: Պատահական չէ, որ ԱՄՆ նախագահի առաջին այցը տեղի ունեցավ հենց այս երկիր: Պատահակն չէ նաև այն, որ առաջին իսկ այցի ժամանակ ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայի հետ կնքեց պայմանագիր, որը ենթադրում է 400 բիլիարդ դոլարի ներդրում երկու երկրներում (պայմանագիրը ներառում է $110 միլիարդ դոլարի զենքի վաճառք Սաուդյան Արաբիային):