Հունիսի 2-ին, ԱՄՆ խաղաղության կորպուսը նշում է Հայաստանում ծավալած գործունեության 25-ամյակը, հայտնում է Armenpress-ը:
Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նոր խմբի կամավորների երդմնակալության արարողությունը:
42 ամերիկացի կամավորներ շուտով մեկնելու են Հայաստանի տարբեր շրջաններ՝ երկու տարվա ընթացքում աշխատելու տեղի դպրոցների, համալսարանների, հասարակական կազմակերպությունների հետ՝ փորձելով նպաստել համայնքային զարգացմանը:
Կամավորների երդմնակալության արարողությանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ծրագրի ներկա և նախկին կամավորները, Վաշինգտոնից ժամանած Խաղաղության կորպուսի ղեկավարության ներկայացուցիչները և այլք:
Դեսպան Ռիչարդ Միլսը կարծում է, որ սա առանձնահատուկ օր է ոչ միայն իր, ԱՄՆ դեսպանատան, Խաղաղության կորպուսի, այլև Հայաստանի ժողովրդի համար:
«Այսօր տեղի կունենա կորպուսի 25-րդ խմբի երդմնակալության արարողությունը, զուգահեռ նշում ենք նաև կորպուսի գործունեություն 25-ամյակը: Հատկանշական է, որ այսօր նաև երդվելու է ԱՄՆ-ից ժամանած 1000-րդ կամավորը, ով աշխատելու է և ծառայելու է Հայաստանում, ուստի սա շատ կարևոր և հիշարժան պահ է: Տարբեր տարիքի կամավորներ են Հայաստան ժամանում և ծանոթանում են հայկական մշակույթի առանձնահատկություններին, այնուհետև ԱՄՆ վերադառնալուց հետո նրանք ներկայացնում են իրենց սովորածն ու տեսածը: Այդպես ձևավորվում է մի խումբ, որը հանդես է գալիս հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման դիրքերից»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: