Ստամբուլի Գումգափուի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հունիսի 1-ին պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի պատվին մատուցվեց Հրաշափառի արարողություն, որով նա ստանձնեց իր պարտականությունները:
Հիշեցնենք, Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Բեքչյանը մարտի 15-ին Պոլսո պատրիարքարանի հոգևոր խորհրդում ընտրվել էր պատրիարքական տեղապահի պաշտոնում: Նրա ընտրվելուց հետո, սակայն, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարվել էր թողնել պատրիարքական փոխանորդի պաշտոնը, ինչի հետևանքով պատրիարքարանում և Ստամբուլի հայկական համայնքում միառժամանակ լարվածություն էր սկսվել: Բեքչյանը մեկնել էր Գերմանիա և հայտարարել, որ պատրիարքական ընտրության հետ կապված որևէ հստակ զարգացման բացակայության պարագայում չի վերադառնա Ստամբուլ:
Աթեշյանը միայն մայիսի 24-ին, Մոսկվայում կայացած գերագույն հոգևոր խորհրդի որոշումից հետո առ այն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որպես Պոլսո տեղապահ է ճանաչում ընտրյալ տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանին, հայտարարեց հրաժարական տալու մասին՝ պաշտոնապես Բեքչյանին հրավիրելով Ստամբուլ:
Այս լուրը թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայի հայկական համայնքում բավականին մեծ ոգևորությամբ ընդունվեց: Այսպես, «Ակոս» թերթի հայերեն էջի խմբագիր Բագրատ Էստուկյանի կարծիքով, պատրիարքարանի ընտրություններն այս անգամ չեն հետաձգվի և կանցկացվեն Գարեգին սրբազանի՝ Ստամբուլ այցից անմիջապես հետո:Նախատեսվում է, որ
Բեքչյանի առաջին քայլը լինելու է Նախաձեռնակ մարմնի կազմակերպումը, որի հետ էլ զբաղվելու է պատրիարքական ընտրությունների պատշաճ կազմակերպմամբ:
Նշենք, որ Պոլսի պատրիարք կարող է դառնալ Հայ Առաքելական եկեղեցու՝ Թուրքիայում ծնված եկեղեցականը (եպիսկոպոս): Ըստ այդմ, պատրիարքական Աթոռի ամենահավանական թեկնածուներ են` պատրիարքական տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը, Արամ արք. Աթեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արք. Չուլջյանը և Սահակ եպս. Մաշալյանը:
ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔ. ԲԵՔՉՅԱՆ, ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ.
Գերշ. Տ. Գարեգին արք. Բեքչյանը (ավազանի անունը՝ Տիգրան) ծնվել է 1942թ. դեկտեմբերի 12-ին, Կ. Պոլսում: Նախակրթական և միջնակարգ ուսումը ստացել է Կ. Պոլսի Վիեննական Մխիթարյանների մոտ, այնուհետև ընդունվել է Սկյուտարի Ս. Խաչ դպրեվանք:1960 թ. ստացել է դպրության աստիճան` ձեռամբ Կ. Պոլսի պատրիարք Գարեգին արքեպիսկոպոս Խաչատուրյանի:
1962թ. ընդունվել է դպրեվանքի նոր բացված ընծայարանը` միաժամանակ ուսանելով Կ. Պոլսի համալսարանում՝ հաճախելով դասական լեզուների, սոցիոլոգիայի և պատմության դասընթացներին:
1963թ. ձեռամբ Կ. Պոլսի պատրիարք ամենապատիվ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի, ձեռնադրվել է սարկավագ:
1965 թ. Վարդավառի տոնին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` վերանվանվելով Գարեգին` ի պատիվ դպրեվանքի հիմնադիր Գարեգին պատրիարքի:
1968թ. մեկնել է Գերմանիա և ընդունվել Բոննի համալսարան, ապա մեկ տարի անց սկսել է ուսանել Բոխում քաղաքի համալսարանում: Ուսումնասիրել է մանկավարժություն և հոգեբանություն:
1970թ. ձեռամբ ամենապատիվ Տ. Շնորհք պատրիարք Գալուստյանի, ստացել է վարդապետական 4 մասնավոր աստիճանները:
1973 թ. հովվական ծառայության է մեկնել Ֆրանսիայի Մարսել քաղաք` իբրև Ս. Կարապետ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ:
1976-1994 թթ. հովվական ծառայության է կոչվել Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր Եկեղեցում:
1991թ. Վազգեն Ա. Վեհափառի բարձր տնօրինությամբ` իբրև հոգևոր հովիվ ծառայության է կոչվել Գերմանիայում: Ծավալել է կազմակերպչական լայն գործունեություն` Գերմանիայում թեմ ստեղծելու ուղղությամբ:
1992թ. հունվարի 30-ին նշանակվել է Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ:
1992 թ. մայիսի 17-ին ձեռամբ Կ. Պոլսո գերշ. Տ. Գարեգին արքեպիսկոպոս Գազանճյանի ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան:
1992թ. սեպտեմբերին, ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս:
1998 թ. մարտի 28-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ստացել արքության պատիվ: Հեղինակ է բազմաթիվ հոդվածների և գրքույկների, հրատարակել է անձնանունների բառարան, Գերմանիայում հիմնել է 14 եկեղեցական համայնքներ: Նրա ջանքերով թեմն անդամակցել է Գերմանիայի միջեկեղեցական խորհրդին: