Արցախի պետական համալսարանում այսօր հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական վերլուծաբան-փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնում է Artsakh Press-ը:
Ա. Հովհաննիսյանը ուսանողների հետ կիսվել է ռազմական լրագրության ոլորտում ունեցած իր փորձառության մասին:
Դասախոսության ժամանակ նա մասնավորապես նկատել է.
«Տեղեկատվությունը պետք է դիտարկել, որպես ռազմավարություն: Եթե ադրբեջանական կողմն այն ծառայեցնում է բացառապես սեփական կորուստների ու ճգնաժամային իրավիճակների կեղծման համար, ապա հայկական կողմի համար այն առավելապես հանրությանը տեղեկացված պահելու գործառույթ է իրականացնում»,-ասել է Ա. Հովհաննիսյանը և ավելացրել,-
«Տևական ժամանակ է, ինչ ՊՆ-ն ռազմական լրագրողների վերապատրաստման դասընթացներ և հավաքներ է կազմակերպում. միայն այսպիսի միջոցառումներով կարող ենք ռազմական ոլորտի լրագրողներ պատրաստել՝ այդպիսով ուղղորդելով նաև նրանց գործունեությունը ոչ միայն արտակարգ իրավիճակներում, այլև խաղաղ պայմաններում: Կիրթ ռազմական լրագրողն առաջնագծից կարող է վերադառնալ հարուստ և ազգային անվտանգության հայեցակարգին չհակասող ինֆորմացիայով, բայց և արձանագրելով թերություններ, որոնք երբեք չենք հրապարակի: Մենք պետք է միշտ գիտակցենք, որ մեր ունեցած գիտելիքը մեր ամենաուժեղ զենքն է»: