Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստին վկայություն է տվել ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Լեւենթ Յարմելը:
Նրա խոսքով՝ հենց սկզբից Դինքի սպանության հետաքննությունը խիստ թերի է ընթացել, փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով Ստամբուլի հայկական «Ակոս»-ին:
Նա նշել է, որ հետաքննության ժամանակ չի թույլատրվել օգտվել հետախուզության հատուկ LOG տվյալներից, որոնք ամեն ինչ կբացահայտեին։ «Ինձ ասացին, որ եթե LOG տվյալները ներկայացնենք, ոստիկանությունը բարդ կացության մեջ կհայտնվի, և պետք է լսենք Ստամբուլում ինչ կորոշեն։ Եթե թաքցնում են LOG-ի տվյալներն, ուրեմն այստեղ դիտավորություն կա։ Նման սպանությունն առանց վերևների թույլտվության չէր կարող տեղի ունենալ մի վայրում, երբ ամբողջ հետախուզությունն այնտեղ էր»,-ասել է Լևենթ Յարմելը՝ հավելելով, որ Դինքի սպանության բացահայտմանն ուղղված իր աշխատանքների համար դեռ 2011-ին սպառնալիքներ է ստացել։