Հունիսի 8-ին Միացյալ Թագավորություն կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Դեռ քարոզարշավի սկզբում փորձագետները կանխատեսում էին, որ գործող վարչապետ Թերեզա Մեյի գլխավորությամբ Պահպանողական կուսակցությանն այս ընտրություններում հաղթանակը կտրվի բավականին հեշտությամբ, սակայն ինչպես ցույց է տալիս քարոզարշավի ընթացքը, չի բացառվում, որ ընտրություններն ունենան միանգամայն այլ ելք ունենալ: Այսպես, Ipsos MORI-ի հարցումների համաձայն՝ վերջին շրջանում գործող վարչապետի նկատմամբ բրիտանացիների վստահությունը անկում է ապրում. Մեյին աջակցում է բրիտանացիների 43 տոկոսը, ինչը 12 տոկոսով զիջում է իշխանության ղեկին հայտնվելու ժամանակ ունեցած վարկանիշին, իսկ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինի վարկանիշն աճել է 6 տոկոսով՝ հասնելով 35-ի: Ընդ որում, Պահպանողական և Լեյբորիստական կուսակցությունների միջև տարբերությունը, հարցումների համաձայն, այդքան էլ մեծ չէ: Այսպես, Survation-ի տվյալներով այն կազմում է 1, իսկ YouGov-ի տվյալներով 4 տոկոս:
Բրիտանացիների մոտ նախընտրական տրամադրությունների նման փոփոխությունը պայմանավորված է հիմնականում երկու գործոնով: Առաջինը ԵՄ կազմից դուրս գալու հարցում թեկնածուների որդեգրած դիրքորոշումն է. բրիտանացիների որոշ մասն արդեն հասցրել է հիսաթափվել ԵՄ կազմից դուրս գալու որոշումից, ուստի գերադասում է Կորբինի փափուկ Brexit-ը: Բրիտանացիները հույս ունեն, որ նրա հաղթանակի դեպքում ԵՄ-ից դուրս գալու գործընթացը կլինի ավելի սահուն, և Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ հետ իր համար կարևոր կապերը, ինչը Մեյի խոստացած կոշտ Brexit-ի պարագայում դժվար թե հաջողվի: Մյուս կողմից ընտրողների տրամադրությունների փոփոխության վրա ազդել են նաև երկրում վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները: Ընտրողների մի մասը երկրի անվտանգային խնդիրների մեջ մեղադրում է Թերեզա Մեյին, ով, մինչ վարչապետի պաշտոնը ստանձնելը, եղել է ներքին գործերի նախարար. հենց Մեյի որոշմամբ է բրիտանական ոստիկանությունը կրճատվել մոտ 20 տոկոսով:
Սակայն, հարկ է նշել, որ չնայած Կորբինի վարկանիշի բարձացման, հավանականությունը, որ նա կհաղթի ընտրություններում, քիչ է: Վելուծաբանների կարծիքով, Թերեզա Մեյին կհաջողվի վերընտրվել վարչապետի պաշտոնում, սակայն նրան դժվար հաջողվի պահպանել ձայների 17 տոկոս առավելությունը, որն ժառանգություն էր ստացել Դեյվիդ Քեմերոնից: