Կատալոնիայի մարզային կառավարության ղեկավարն այսօր հայտարարել է Իսպանիայից անկախանալու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Հոկտեմբերի 1-ին հայտարարված հանրաքվեի ժամանակ նախատեսվում է, որ կատալոնցիները պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որպեսզի Կատալոնիան դառնա անկախ պետություն՝ կառավարման հանրապետական ձևով»: Հերթական անգամ, սակայն, կատալոնցիների ազատ կամարտահայտման փորձը Իսպանիայի իշխանությունները որակել են որպես «ապօրինի»` սպառնալով սահմանադրական դատարանում վիճարկել անկախության հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիրը:
Արդյո՞ք այս անգամ Կատալոնիային վերջապես կհաջողվի իրականացնել հանրաքվե` անկախ արդյունքից:
Նախ պետք է նշել, որ ըստ Իսպանիայի Սահմանադրության՝ Մադրիդն իրավունք ունի միջամտել Կատալոնիայի մարզային կառավարության գործերին և ստիպել հրաժարվել քվեարկությունից: Սա հիմք ընդունելով` իսպանական կառավարությունը մշտապես արգելափակել է կատալոնացիների` անկախության հանրաքվե անցկացնելու բոլոր նախաձեռնությունները: Այս առումով չի բացառվում, որ հոկտեմբորի 1-ին նախատեսված հանրաքվեն կարժանանա նույն ճակատագրին` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այս հարցի շուրջ Իսպանիայի իշխանությունների դիրքորոշումը փոփոխություն չի կրել: Ավելին, Իսպանիայի վարչապետն արդեն իսկ հայտարարել է, որ անկախացման հանրաքվե տեղի չի ունենա` անկախ նրանից, թե Կատալոնիան որքան կհայտարարի դրա իրականացման մասին:
Սրան զուգահեռ, հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ մարտի վերջին անցկացված հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ կատալոնցիների 44,3%-ը կողմ է Իսպանիայից անջատվելուն, մինչդեռ 48,5%-ը դեմ է դրան: Հատկանշական է, որ անկախության կողմնակիցների թիվը նվազում է երկրում տնտեսական աճին զուգահեռ:
Չնայած այս ցուցանիշներին`հարցումները նաև ցույց են տալիս, որ կատալոնցիների մեծամասնությունը կողմ է հանրաքվեի կազմակերպմանը` իրենց կամարտահայտման իրավունքն ազատ իրացնելուն, ինչին, սակայն, Իսպանիայի իշխանությունները բացահայտ դեմ են:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Եվրամիության «հավասարության» սկզբունքը գոնե իր իսկ անդամ երկրների համար այլևս չի գործում, և ԵՄ-ն ինչ-ինչ հարցերի դեպքում վարում է խտրական քաղաքականություն: Իսկ նման քաղաքականության իրականացման պատճառների թվում կարող է լինել այն, որ սրանով Եվրոպան ցանկանում է խուսափել ազատ կամարտահայտման իրավունքով անկախացման օրինակներ ունենալուց, ինչը կարող է նախադեպ դառնալ շատերի համար՝ խախտելով որոշակի բալանսներ և ստեղծելով անկայուն իրավիճակներ: Այս առումով չի բացառվում, սակայն, որ ազատ կամարտահայտման իրավունքի իրացումը թույլ չտալն ավելի վտանգավոր հետևանքներ կունենա: