Եվրամիության աիդիտորների դատարանը որոշել է հետաքննել, թե որքան արդյունավետ է Թուրքիան՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, ծախսել իրեն տրամադրված միջոցները 2007-2013թթ.-ին (շուրջ 4.79 մլրդ եվրո):
Եվրամիությունը բավական մեծ աջակցություն է տրամադրում իր կազմը համալրել ձգտող երկրներին՝ խթանելու համար այդ երկրներում բարեփոխումները և իրականացնելու համար օրենսդրական դաշտի, գործող չափորոշիչների, կյանքի որակի մոտարկում եվրոպական ստանդարտներին: Միաժամանակ, այն երկրների պարագայում, որոնց կողմից այդ միջոցների օգտագործման արդյունավետությունը կասկածներ է հարուցում, ԵՄ-ն դիմում է հատուկ վերահսկման մեխանիզմների:
Տվյալ դեպքում հարցը ոչ միայն զուտ ընթացակարգային և ֆինանսական, այլ առաջին հերթին քաղաքական նշանակություն ունի: Թուրքիան տարիներ շարունակ լայնորն օգտվում է ԵՄ անդամակցության թեկնածու երկրի իր կարգավիճակից ՝ թե’ բարեփոխումների համար տրամադրվող ֆինանսական միջոցների, թե’ քաղաքական առավելությունների տեսքով: Բացի այդ, միգրացիոն ճգնաժամի ընթացքում ԵՄ-ն հսկայական դրամական միջոցներ տրամադրեց Անկարային միգրանտների հոսքը դեպի ԵՄ կասեցմելու պայմանավորվածության դիմաց, որն այդպես էլ կյանքի չկոչվեց:
Այսօր Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում է, որ կարող է հանգիստ հրաժարվել եվրաինտեգրման ուղուց: Երկրում տիրող բռնաճնշումները, լրագրողների հետապնդումները և Էրդողանի իշխանության ընդլայնումն ու իսլմական արժեքների արմատացումը ցույց են տալիս, որ Թուրքիան իսկապես և բավական մեծ քայլերով նահանջում է եվրոպական արժեհամակարգից՝ միաժամանակ Բրյուսելի առաջ պահանջներ դնելով:
Այս համատեքստում առնվազն բնական է, որ ԵՄ-ում պետք է հարց ծագի տրամադրված միջոցների կիրառման արդյունավետության և ընդհանրապես Անկարային միջոցներ տրամադրելը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ: ԵՄ աուդիտորների դատարանի այս որոշումը կարելի է նախազգուշացում և զգոնության կոչ համարել՝ ուղղված Անկարային՝ հուշող, որ ԵՄ-ն կարող է քաղաքական հայտարարություններից անցնել գործնական քայլերի: Առավել ևս, որ 2010թ.-ին ԵՄ աուդիտորների դատարանն արդեն իսկ մեկ անգամ ուսումնասիրել է Թուրքիայի հարցը և բավական բացասական եզրակացություն է տվել: