Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է ՄԱԿ ԱԽ բանաձևերը չկատարելու մեջ: Ավելին, մեղադրանքներն ուղղված էին ոչ միայն Հայաստանին, այլև նրանց, ովքեր ընդունել են այդ բանաձևերը: «Խնդիրը կայանում է նրանում, որ նրանք, ովքեր ընդունել են այդ բանաձևերը, չեն ստիպում Հայաստանին կատարել դրանք», - ասվում է Ալիևի ելույթում:
Ալիևի այս հայտարարությունը, սակայն, ոչ այլ ինչ է, քան փաստերի մանիպուլյացիա և գիտակցված աղավաղում: Նախ պետք է նշել, որ ՄԱԿ ԱԽ 4 բանաձևերի առաջնային և հիմնական պահանջն էր կրակի, բոլոր ռազմական գործողությունների ու թշնամական ակտերի անհապաղ դադարեցումը, ինչին, սակայն, Ադրբեջանը «չենթարկվեց»: Հենց Ադրբեջանի կողմից բանաձևերի չկատարման և ռազմական գործողությունների շարունակման արդյունքում էր, որ ավելի ուշ առաջարկվեց զինադադարի համաձայնագիր՝ հաշվի առնող այդ պահին ստեղծված նոր իրավիճակը:
Ստացվում է, որ անընդհատ ՄԱԿ ԱԽ բանաձևերին հղվելով, միևնույն ժամանակ շարունակելով սահմաններին լարվածության ստեղծումը՝ Ադրբեջանը ըստ էության չի կատարում 1994-95թթ-ի հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները: Սակայն, հաշվի առնելով սեփական շահերին հակասող մի շարք հանգամանքներ, դրանցից պաշտոնապես չի կարող հրաժարվել:
Ալիևի վարած քաղաքականությունը բավական պարզ է: ՄԱԿ ԱԽ բանաձևերը միակողմանի մեկնաբանելով (հղվելով միայն հայկական ուժերի դուրսբերման կետի վրա)՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են իրենց համար ստեղծել նպաստավոր միջավայր և ընդգծել հայկական կողմերի «ապակառուցողականությունը»: Գուցե այս միակողմանի մոտեցումը որոշ չափով արդեն իսկ ընկալելի է դարձել Ադրբեջանի հասարակության և միջազգային հանրության այն շերտերի համար, ովքեր չեն տիրապետում հակամարտության պատմությանը, սակայն ոչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և հակամարտությանը խորությամբ տեղյակ միջազգային հանրության ներկայացուցիչների համար:
Ի վերջո պետք է ընդունել այն իրողությունը, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևերն իրենց ակտուալությունը կորցրել են դեռ 90-ականներին, երբ Ադրբեջանը բացահայտ խախտում էր դրանք, և ավելի քան 20 տարի անց դրանց «վերակենդանացման» փորձերը ընկալելի չեն: