Հունիսի 14-ին Իրանում կնքվեց «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է սննդի և ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրավական կարգավորման, «հալալ» ստանդարտավորման և այլ հարցեր:
Հայտնի է, որ վերջերս Հայաստանում ստեղծվեց ստանդարտավորման «Հալալ» կենտրոնը, որով պետք է համապատասխան ստանդարտիզացիայի ենթարկվեն դեպի Իրան արտահանման համար նախատեսվող ապրանքատեսակները, որից հետո երկու երկրների միջև մեկնարկեցին արտահանվող ապրանքատեսակների շուրջ բանակցությունները: Վերոնշյալ փոխըմբռնման հուշագրի մասին լուրը կարելի է ընդունել՝ որպես բանակցությունների առաջին հանգրվան: Բացի այդ այն օգնում է առնվազն պատկերացում կազմել դեպի Իրան արտահանման համար դիտարկվող ապրանքների տեսակների մասին: Սակայն սա բավարար չէ:
Նախ, չկա պաշտոնական հայտարարությունը, որ սննդի և ոչ ոգելից խմիչքների ոլորտում բանակցությունները հասցրել են ներկրման մաքսատուրքերի մեղմացման, մյուս կողմից հասկանալի է, որ բանակցությունները պետք է ընթանան արդեն իսկ գործող առևտրաշրջանառության շրջանակում արտահանվող ապրանքատեսակների շուրջ: Մինչդեռ դրանց զուգահեռ պետք է ամեն ինչ անել՝ իրանական շուկայի ներսից հայկական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկ ստեղծելուն ուղղված: Օրինակ, կարելի է Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկներին համապատասխան միջոցառումների ու կազմակերպված հյուրասիրությունների շրջանակներում ծանոթացնել հայկական ապրանքանիշին ու պարբերաբար բնույթի միջոցառումների արդյունքում ստեղծել դրանց նկատմամբ պահանջարկ: Այսինքն` հաշվի առնելով իրանական տնտեսական քաղաքականության խիստ պրոտեկցիոնիստական բնույթը, դեպի Իրան պարզեցված մուտքին հասնելու համար պաշտոնական գործըթացներին զուգահեռ, լավ կլինի, կիրառել ներսից ներազդման հնարավորությունը:
Պետք չէ նաև մոռանալ ավանդական առևտրատնտեսական հարաբերություններն ու այդ համատեքստում առկա հիմնախնդիրները: Մասնավորապես, հայտնի է, որ Հայաստանից Իրան արտահանման ծավալների գրեթե 90 տոկոսն էլեկտրաէներգիան է, և միայն 10 տոկոսն է բաժին ընկնում ապրանքներին: Մինչդեռ Իրանից Հայաստան ներմուծումն ավելի դիվերսիֆիկացված է: Այս դեպքում էլ ներմուծման մեծ մասը՝ շուրջ 35 տոկոս, իրանական գազին է բաժին ընկնում, մինչդեռ ՀՀ արտահանման կառուցվածքի հետ այս ցուցանիշը համադրելի չէ: Այսինքն՝ պետք է դիտարկվի ոչ միայն ՀՀ-ից Իրան արտահանվող ապրանքների մաքսատուրքերը մեղմելուն, այլև՝ դրանց դիվերսիֆիկացնելու հարցը: