Ադրբեջանում մարդու իրավունքների թեման կրկին հայտնվել է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում: Նախօրեին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով կոչ է արվում Ադրբեջանին ազատ արձակել հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլըն ու դադարեցնել նրա դեմ հետապնդումները. պատգամավորները Մուխթարլըի դեմ մեղադրանքները անվանել են կեղծ:
Եվրախորհրդարանի անդամներն ընդգծել են, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն լրագրողների ու մարդու իրավունքների պաշտպանների քրեական հետապնդումն ու ազատազրկումը, ինչպես նաև անմիջապես ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին:
Բացի այդ, եվրախորհրդարանականները կոչ է արել նաև Վրաստանի իշխանություններին մանրամասն հետաքննություն իրականացնել Մուխթարլըի առևանգման գործով և հստակեցնել կատարվածում վրացական գործակալների ներգրավվածության հարցը:
Նշենք, որ բանաձևի կապակցությամբ Բաքվի արձագանքն իրեն երկար սպասեցնել չտվեց: Ադրբեջանական ԱԳՆ-ն երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մյուս բանաձևերի նման այս մեկը ևս որակեց որպես կողմնակալ և մտացածին: Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զայֆետ Ասկերովն իր հերթին նշել է, որ Եվրախորհրդարանի բանաձև կարող է բացասաբար ազդել երկկողմ հարաբերությունների վրա: Ակնհայտ է, որ Բաքուն Մուխտարըլի գործը պատրաստվում է ավարտին հասցնել. վերջին տարիներին Ադրբեջանում շարունակվող բռնաճնշումների արդյունքում այժմ երկրում անկախ լրագրողական ձայները լռեցված են («Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2017 թվականի զեկույցում խոսքի ազատության ցուցանիշով Ադրբեջանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 162-րդ հորիզոնականը): Սակայն, Ալիևի քննադատությունը շարունակվում է արտերկրում գործող ադրբեջանական լրատվամիջոցների կողմից: Մուխտարըլի միջոցով Բաքուն փորձում է ադրբեջանական այդ լրատվամիջոցներին հասկացնել, որ իր արտերկրում գտնվելով իրենք այդքան էլ անհասանելի չէն ալիևյան բռնապետական ձեռքի համար:
Աֆղան Մուխթարլըն հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում՝ խուսափելով ադրբեջանական իշխանությունների հետապնդումներից: Մայիսի վերջին նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: Նա հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից իրեն առևանգել են քաղաքացիական հագուստով անհայտ անձինք, ովքեր խոսում էին վրացերեն: Նրան նստեցրել են մեքենա և դուրս բերել Վրաստանից, ապա դաժան ծեծի են ենթարկել, կապել աչքերը և տեղափոխել մեկ այլ մեքենա, իսկ ադրբեջանական սահմանին կրկին տեղափոխել են երրորդ մեքենա, որում արդեն խոսել են ադրբեջաներեն: Մեքենայում նրա գրպանում խոշոր չափի գումար են դրել, և այժմ Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ: