ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցն «ուղեկցվեց» սահմանին բավական մեծ լարվածությամբ, որին անդրադարձը համանախագահների հայտարարության մեջ, մեղմ ասած, ադեկվատ չէր:
Կարևոր է թերևս այն, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, չնայած Բաքվից հնչած դժգոհություններին, հետևողական եղան իրենց հայտարարությունների հասցեականության հարցում: Այս անգամ էլ հայտարարության մեջ հստակ շեշտադրվում է, որ սահմաններին լարվածությունը թուլացնելու կոչն առաջին հերթին ուղղված է Ադրբեջանին, և հետո միայն Արցախին ու Հայաստանին: Սա նշանակում է, որ հենց Ադրբեջանն է հրահրում լարվածությունը և համանախագահները դա այլևս չեն թաքցնում՝ փորձելով «չնեղացնել» կողմերից որևէ մեկին:
Այլ հարց է, որ հայտարարության մեջ չեն հիշատակվում իրենց այցի ընթացքում արձանագրված կյանքի կորուստներն, և որ ամենակարևորն է՝ քննադատության բառակազմը մեղմ է՝ չենթադրող որևէ հստակ միջոցառումներ:
Մյուս կարևոր կողմը թերևս այն է, որ այս հայտարարության մեջ նշվում է լարվածությունը թուլացնելուն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը, կոչ է արվում վերադառնալ բովանդակային բանակցություններին, սակայն որևէ կերպ հղում չի կատարվում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից վստահության միջոցների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվոծություններին: Սա, թերևս շատ ձեռնտու է Ադրբեջանի համար, որն առաջին իսկ օրից խուսափում է այդ պայմանավորվածությունները կատարելուց: Ուստի, համանախագահների «նահանջը» Վիեննայից և Սանկտ Պետերբուրգից Բաքվի կողմից կարող է որպես հերթական «քարտ բլանշ» ընկալվել՝ էլ ավելի ազատելով վերջինիս ձեռքերը և նպաստելով Բաքվի շանտաժային քաղաքականության ամրապնդմանը:
Ստեղծված իրավիճակում, եթե միջնորդներն իրոք ցանկանում են նվազեցնել լարվածությունը և քայլ առաջ անել դեպի քաղաքական կարգավորում, նրանք առաջին հերթին պետք է հստակ գործողություններով ստիպեն Բաքվին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ու սադրանքներից, հասնել վստահության միջոցների լիակատար կատարմանը և հետո միայն խոսեն բովանդակային, քաղաքական բանակցությունների մասին: Հակառակ դեպքում՝ ամեն օր զոհեր ունենալով սահմաններին, կողմերը չեն կարող «լիարժեք հավատով ու քաղաքական կամքով» ներգրավվել բովանդակային բանակցությունների մեջ, ինչպես նշված է համանախագահների հայտարարության մեջ: