Սահմանային վերջին միջադեպերի հետ կապված պետք է հստակ արձանագրել, որ ադրբեջանական սադրանքները, Ադրբեջանի արկածախնդրությունը, ըստ էության, որոշակի անկաշկանդ գործողությունների հնարավորություն են տալիս նաև հայկական կողմերին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
«Բանաձևը շատ հստակ է՝ այն, ինչ կարող է անել Ադրբեջանը, կարող է իրեն թույլ տալ նաև Հայաստանը: Հետևաբար, հայկական կողմը պետք է իրեն առավել անկաշկանդ զգա տարբեր գործողությունների առումով: Այդ անկաշկանդությունը պետք է դրսևորվի դիրքորոշման կոշտացմամբ: Ընդ որում, դիրքորոշման կոշտացումը պետք է դիտարկել երկու մասով՝ առաջինը՝ բանակցային գործընթացում, երկրորդը՝ սահմանային իրավիճակում, սահմանին սեփական կամքը թելադրելու տեսանկյունից: Այդ կոշտացումն անխուսափելի և միևնույն ժամանակ տրամաբանական՝ հաշվի առնելով Ադրբեջանի վերջին տարիների և հատկապես Ապրիլյան պատերազմից հետո որդեգրած ոչ ադեկվատ կեցվածքը», - նշեց Մինասյանը՝ հավելելով, որ դիրքորոշման կոշտացումը պետք է մեսիջ լինի՝ մի կողմից, որ հայկական կողմի կառուցողական դիրքորոշումն անսահմանափակ չէ, և երկրորդ՝ կան կարմիր գծեր, որ Ադրբեջանը չպետք է անցնի:
Միևնույն ժամանակ փորձագետի կարծիքով հայկական կողմի բանակցային դիրքորոշման կոշտացումն ավելի քիչ տեսանելի կլինի՝ հաշվի առնելով բանակցությունների փակ ձևաչափը: