Ադրբեջանի վերջին սադրանքը, ինչի արդյունքում, ցավոք, մենք ունեցանք նաև մարդկային կորուստներ, լուրջ մտահոգության առիթ է, քանի որ այն նախաձեռնվեց Մինսկի խմբի համանախագահների Բաքու այցի նախօրեին. դա հստակ մեսիջներ է պարունակում այդ թվում նաև համանախագահների համար: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
«Միևնույն ժամանակ պետք է նշել, որ համանախագահների ընդունած հայտարարության մեջ, ցավոք, այդ միջադեպերը անհրաժեշտ և պատշաճ արտահայտում չգտան: Համանախագահներ մի կողմից փորձեցին ձևակերպումային խաղ ունենալ իրենց հայտարարության մեջ՝ մասնավորապես հասցեականություն և համահարթեցում գծերի վրա՝ այդպիսով մեկնաբանության տեղ թողնելով երկու կողմերի համար էլ: Այսպես, Հայաստանը կարող է մեկնաբանել, որ առանձին նախադասությամբ անդրադարձ կա Ադրբեջանին՝ կոչ է արվում խուսափել էսկալացիայից, ուստի դա հասցեական հայտարարություն է: Միևնույն ժամանակ հաջորդ նախադասության մեջ նույն կոչն ուղղվում է նաև Հայաստանին և Արցախին, և ադրբեջանական կողմը հնարավորություն է ստացել դա մեկնաբանել որպես առավել չեզոք, ոչ հասցեական հայտարարություն:
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ կարևոր է այն հանգամանքը, որ բացակայում է որևէ ուղղակի հիշատակում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների հետ կապված: Հիշատակումը, ըստ էության, անուղղակի էր՝ Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման միջոցով: Սա, բնականաբար, մտահոգիչ է հաշվի՝ առնելով այն պայմանավորվածությունների կարևորությունը, որ դրանք ունեն ապրիլյան էսկալացիայի հետևանքները մեղմելու տեսանկյունից:
Միևնույն ժամանակ համանախագահները կոչ են անում սուբստանտիվ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, ինչը որոշակիորեն ոչ տրամաբանական էլեմենտներ է պարունակում, քանի որ հստակ բանաձև կա՝ ինչպե՞ս կարելի է բանակցել, երբ քո վրա կրակում են:
Եթե փորձենք ամփոփել ներկայիս զարգացումները, կարող ենք արձանագրել, որ ողջ գործընթացը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հրադադարի ռեժիմի պահպանման տեսանկյունից համանախագահներից էական ակնկալիքներ մենք չեն կարող ունենալ և մեր հույսը մետք է մեզ վրա դնենք», - նշեց Մինասյանը:
Անդրադառնալով համանախագահների հայտարարությունների հասցեականության խնդիրին, որը մեր հանրության շրջանում բավական ակտիվ քննարկվում է՝ փորձագետը կարծիք հայտնեց, որ դա արդեն վաղուց պետք է դարձած լիներ համանախագահների ձեռագիրը և արդեն իսկ դա ուշացած է. «Վերջին հայտարարությունը հասցեական էր, սակայն չկարողացավ զսպել Ադրբեջանի վարքը և կանխել միջադեպերը: Հետևաբար արդեն վաղուց ժամանակն է այլ քայլեր ձեռնարկել և ոչ թե միայն հասցեական հայտարարությունների անել»: