Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը շարունակում են աշխատել Սիրիայում լարվածության թուլացման գոտիներ հաստատելու մեխանիզմի շուրջ՝ ներառելով նաև ԱՄՆ-ին և Հորդանանին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը, հայտնում է թուրքական Daily Sabah-ը:
Հիշեցնենք, որ մայիսին Աստանայում կայացած սիրիական բանակցությունների հերթական փուլի արդյունքում Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը եռակողմ հուշագիր ստորագրեցին լարվածության թուլացման գոտիներ ստեղծելու մասին: 4 գոտիներն ընդգրկելու են Իդլիբ նահանգը և որոշ հատվածներ հարևան նահանգներից (Հալեպ, Լաթաքիա, Համա), Հոմսից հյուսիս ընկած շրջանը, Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանը և մի շարք շրջաններ Սիրիայի հարավային հատվածում՝ Դերաան և Ալ-Կունեյտրան:
Թուրք պաշտոնյայի հայտարարության համաձայն լարվածության թուլացման գոտիներում կարող են բազմազգ ուժեր տեղակայվել: Մասնավորապես, հյուսիսիային Իդլիբում, որը գտնվում է այսպես կոչված ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության ներքո, նախատեսվում է տեղակայել ռուսական և թուրքական զորքեր, Դամասկոսի շրջակայքում, որը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից, կտեղակայվեն ռուսական և իրանական ուժեր, հարավային Դերաայի շրջանում՝ հորդանանյան և ամերիկյան զորքեր: Միևնույն ժամանակ ռուսական կողմը քննարկում է Ղազախստանից և Ղրղզստանից զորքերի տեղակայման հնարավորությունը, թեև որևէ հստակություն այս հարցում դեռևս չկա:
Այս հայտարարությունը հաստատում է այն փաստը, որ ինչպես և կանխատեսվում էր, Մոսկվան, Թեհրանն ու Անկարան լարվածության թուլացման գոտիների ստեղծման շուրջ նախնական համաձայնության են եկել սիրիական հակամարտության մեկ այլ առանցքային դերակատարի՝ Միացյալ Նահանգների, ինչպես նաև տարածաշրջանային կարևոր ուժերի հետ: Այսինքն, որոշակի կոնսենսուս այս հարցի շուրջ վերոնշյալ ուժերի միջև, այնուամենայնիվ, առկա է: Հենց դա է պատճառը, որ Սիրիայում տեղակայվող ուժերը միայն Ռուսաստանից, Թուրքիայից և Իրանից չեն լինելու, այլ նաև վերոնշյալ երկրներից:
Բայց միևնույն է, հասկանալի է, որ ցանկացած պայմանավորվածություն, ինչպես և նախկինում տարբեր հարցերի շուրջ ձեռքբերված համաձայնությունները, շատ փխրուն է: Իրավիճակը ենթարկվում է ամենատարբեր հանգամանքների ազդեցության, ինչն իրադրությունը դարձնում է խիստ անկանխատեսելի: