ԱՄՆ ռազմանավերն ու կործանիչները տեղավորված են հարձակողական դիրքերում՝ Սիրիային հնարավոր հարված հասցնելու համար։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնում իր աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով, Վաշինգտոնը դեռևս չի պատրաստվում հարվածել Սիրիային, ամերիկացի զինվորականները շուրջօրյա հսկում են Սիրիայի «Շայրաթ» ավիաբազայում ինքնաթիռների կամ քիմիական նյութերով բեռնարկղերի հնարավոր տեղաշարժերին:
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ասադի զորքերի ընթացիկ գործողությունները նման են ապրիլի 4-ին Իդլիբում իրականացված քիմիական հարձակմանը նախորդած գործողություններին: Վաշինգտոնը սպառնացել է, որ նոր քիմիական հարձակման համար Ասադի ռեժիմը շատ թանկ կվճարի: