ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից, ինչպես նաև իշխանության դեմոկրատներից հանրապետականներ անցումից հետո, կարևոր է, որ Հայաստանը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում ցուցաբերի նախաձեռնողականություն՝ համագործակցության օրակարգի գերակայությունները վերանայելու, ինչպես նաև համագործակցության նոր ձևաչափեր ստեղծելու համար, որոնք կնպաստեն առկա երկկողմ կապերի հետագա խորացմանը: Այս նպատակին կարող է ծառայել բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպումը: Սակայն այդ հանդիպումները չպետք է լինեն ինքնանպատակ, և պետք է ունենան հստակ արդյունքներ, օրինակ՝ ստորագրվեն հուշագրեր, որոնք կազդարարեն երկկողմ հարաբերություններում համագործակցության նոր մակարդակի անցման մասին:
ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև այս փուլում բարձր մակարդակով հանդիպումների անցկացումը կարևոր է նաև նրանով, որ Հայաստանում նույնպես տեղի են ունենում փոփոխություններ. մեր երկիրն անցում է կատարում կառավարման նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի:
Այս համատեքստում արդիական կլինի, եթե կողմերն այլ հարցերի շարքում նաև քննարկեն և հնարավորության դեպքում ձեռք բերեն նախնական պայմանավորվածություններ երկու երկրների միջև խորհրդարանական կապերի հետագա խորացմանն ուղղված քայերի շուրջ: Նոր պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել, օրինակ, իշխող կուսակցությունների միջև և ոչ միայն, համագործակցության նոր ձևաչափի շուրջ, որը կենթադրի կուսակցության ներկայացուցիչների կանոնավոր հանդիպումներ՝ հստակ սահմանված համագործակցության օրակարգով: Խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում, անհրաժեշտ է նաև ակտիվացնել ԱՄՆ-ՀՀ բարեկամական խմբի աշխատանքները:
Մյուս կողմից գործադիրի մակարադակում երկկողմ համագործակցությանը կարող է խթանել տարբեր նախարարությունների միջև առավել ամուր կապերի հաստատումը, որը կարող է իրականացվել գործընկեր նախարարությունների միջև նույնպես հանդիպումների կանոնավոր ձևաչափի ձևավորման միջոցով (օրինակ, տարին մեկ անգամ):
Այսպիսով երկկողմ համագործակցության նոր խթան տալու համար անհրաժեշտ է զարգացնել համագործակցությունը տարբեր մակարդակներում, այդ թվում նաև տեղական ինքնակառավարման մարմինների, ԱՄՆ առանձին նահանգների հետ համագործակցության օրակարգերի մշակման միջոցով:
Հաշվի առնելով առ այսօր Թրամփի վարչակարգի կողմից տարվող ԱՄՆ արտաքին քաղաքականության առանձնահատկությունները, կարևոր է, որ ԱՄՆ հետ հարաբերություններում Հայաստանը կենտրոնան համագործակցության այն ասպեկտների շուրջ, որոնք կլինեն երկկողմ շահավետ, և հիմնված չեն միայն օգնության ծրագրերի վրա: