Արցախա-ադրբեջանական սահմանին գիշերը կրակոցները շարունակվել են։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Ադրբեջանի զինված ուժերը վերջին ժամերին հրադադարի ռեժիմը խախտել են հրաձգային զինատեսակներից և դիպուկահար զենքերից։ Պաշտպանության բանակը կորուստներ չունի։
Հասրաթյանի խոսքով՝ գիշերը սահմանին ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, Ղարաբաղի զինված ուժերը, ըստ նրա, սահմանում իրավիճակը հսկողության տակ են պահում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր առավոտյան հայտարարեց, որ հայկական կողմն է գիշերը խախտել հրադադարի ռեժիմը՝ մոտ 142 անգամ։ Սենոր Հասրաթյանը պնդեց, որ սա ապատեղեկատվություն է։
Արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ սրվել էր հուլիսի 4-ի երեկոյան․ ադրբեջանական կողմի՝ ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ կիրառելու և Պաշտպանության բանակի պատասխան գործողությունների հետևանքով հակառակորդը կորուստներ ունի: