Այսօր Ստրասբուրգում տեղի ունեցած լիագումար նիստի ընթացքում Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի մասին բանաձև, որը կոչ է անում Եվրամիությանն ու Եվրահանձնաժողովին անհապաղ դադարեցնել ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ Անկարայի հետ տարվող բանակցությունները, եթե վերջինիս իշխանություններն անհրաժեշտ փոփոխություններ չկատարեն սահմանադրական բարեփոխումներում:
Խորհրդատվական բնույթ կրող բանաձևին կողմ քվեարկել է 477 պատգամավոր, դեմ՝ 64, հայտնում է РИА Новости-ն:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակացության մասին բանակցությունները պետք է դադարեցվեն նաև այն դեպքում, եթե երկրում վերականգնվի մահապատիժը: Բանաձևը քննադատում է 2016 թվականի հուլիսի հեղափոխության անհաջող փորձին հաջորդած «լայնածավալ, անհամաչափ և մեծ թվով քաղաքացիների վրա երկարաժամկետ բացասական ազդեցություն ունեցող մեթոդները», այդ թվում՝ զանգվածային ձերբակալությունները, աշխատանքից խմբակային հեռացումները, մի շարք ԶԼՄ-ների, միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատությունների փակումը և այլն:
Միաժամանակ, ընդունելով Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների կարևորությունը, մասնավորապես՝ միգրացիոն ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում, խորհրդարանականները մատնանշել են նաև Անկարայի կողմից ժողովրդավարության, օրինականության և հիմնարար իրավունքների պահպանման կարևորությունը կողմերի քաղաքական համագործակցության համատեքստում:
Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքն իր հերթին հայտարարել է, որ ԵՄ անդամակցության մասին բանակցությունների դադարեցումը կարող է հանգեցնել ամենաբացասական հետևանքների: Նա այդ որոշումն անվանել է «սարսափելի սխալ»: Իսկ Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմն իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան ցանկանում է, որպեսզի ԵՄ-ն հստակ ներկայացնի ապագայի մասին իր պատկերացումները՝ նշելով այն տեղը, որն զբաղեցնելու է Թուրքիան:
Ինչևէ, օրերս Գերմանիայի կանցլեր, երկրի իշխող կոալիցիայի ղեկավար Անգելա Մերկելը և իր քաղաքական թիմը ևս դեմ էին արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը: Այդ մասին ասվում է նրանց նախընտրական ծրագրում. «Մենք մերժում ենք Թուրքիայի լիիրավ անդամակցությունը Եվրամիությանը, քանի որ այդ երկիրը չի կատարել անդամակցության համար ներկայացված նախապայմանները: Բացի այդ, մենք խորը մտահոգություն ենք ապրում Թուրքիայում իրավական պետության, մասնավորապես՝ խոսքի ու մամուլի ազատության հարցերում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ»:
Վերջին ամիսների ընթացքում Անկարայի և Բրյուսելի հարաբերությունները ճգնաժամ են ապրում: ԵՄ-ն քննադատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ընդդիմության դեմ ճնշումների և իշխանությունն իր ձեռքերում կենտրոնացնելու փորձերի համար: Թուրքիան, ԵՄ հետ հարաբերությունների վատացման ֆոնին, սպառնում է Բրյուսելին չեղյալ հայտարարել Եվրոպա մեկնող փախստականներին ընդունելու մասին համաձայնագիրը, հայտնում է Радио Свобода-ն: Բրյուսելի և Անկարայի միջև պայմանավորվածության համաձայն՝ բոլոր ապօրինի փախստականները, որոնք Թուրքիայի տարածքից հայտնվում են Հունաստանի կղզիներից որևէ մեկում, հետ են ուղարկվում Թուրքիա: 2016 թվականի մարտին այդ համաձայնագրի ստորագրումից հետո փախստականների հոսքը եվրոպական երկրներ կրճատվել է:
Նշենք, որ Էրդողանն իր հերթին ավելի վաղ հայտարարել է, որ Թուրքիային ԵՄ չընդունելու գլխավոր գործոնը կրոնն է: Բացի այդ, նրա խոսքերով Թուրքիան հավերժ չի սպասելու «Եվրոպայի դարպասների» մոտ և պատրաստ է հրաժարվել բանակցություններից, եթե պահպանվի ԵՄ որոշ անդամ-պետությունների կողմից Թուրքիայի նկատմամբ ունեցած իսլամաֆոբիան և թշնամությունը:
Ակնհայտ է, որ ԵՄ հետ Թուրքիայի հակամարտությունը վաղուց էր հասունանում: Տասնամյակներ շարունակ երկիրը մնում է ԵՄ անդամակցության թեկնածու, սակայն Եվրոպայի մեծ թվով ղեկավարներ բազմիցս դեմ են հանդես եկել այդ երկրի ադամակցությանը: