Ամերիկյան ֆինանսատնտեսական ամենահեղինակավոր Forbes պարբերականն անդրադարձել է վերջին շրջանում արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ագրեսիայի հաճախակի դրսևորումներին և վերլուծել դրա պատճառահետևանքային կապը Ադրբեջանի՝ անկում ապրող տնտեսության հետ, հայտնում է «Արմենպրեսս»-ը:
«Մայիսի 18-ին Ադրբեջանն առաջացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապա՝ նաև Ռուսաստանի արտգործնախարարության զայրույթը՝ խախտելով նախորդ տարի հակամարտող կողմերի միջև հաստատված անկայուն հրադադարը: Սա բավականին եզակի քննադատություն է պատմականորեն չեզոք կառույցների կողմից», - գրում է հոդվածի հեղինակ Մովսես Տեր-Հովհաննիսյանը:
Նա նշում է, որ օգտագործելով իսրայելական Spike հակատանկային հրթիռային համակարգը՝ Ադրբեջանը թիրախավորեց Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը, և սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ադրբեջանը մի քանի անգամ պարբերաբար հայտարարել էր Հայաստանի կողմից բռնության դրսևորման մասին:
«Ադրբեջանը նմանատիպ հայտարարություններով հանդես եկավ նաև այն ժամանակ, երբ արժեզրկեց իր ազգային տարադրամը՝ մանաթը, 2015 թվականին, ինչը հանգեցրեց նրան, որ միջին կենսամակարդակ ունեցող ադրբեջանցին կորցրեց իր խնայողությունների համարյա կեսը»,-նշել է Մովսես Տեր-Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս ճգնաժամին հաջորդեց 1994 թվականի Բիշքեկում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարից հետո շփման գծում ամենամեծ բռնության դրսևորումը:
«Հենց նույն շաբաթվա ընթացքում, երբ թիրախավորվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը, Ադրբեջանի միջազգային բանկը ձախողեց 100 մլն վարկի վճարումը և Նյու Յորքում հայտարարեց իր սնանկացման մասին: Դրանից հետո բանկը Ադրբեջանի էներգետիկ հսկա համարվող պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին տրամադրեց 2 մլրդ դոլար վարկ, սակայն ընկերությունը նույնպես չարդարացրեց սպասելիքները և համաշխարհային վարկանիշային «S&P Global Rating» ընկերության կողմից արժանացավ բացասական գնահատականի», - ընդգծում է հոդվածագիրը:
Վարկային վարկանիշների կտրուկ նվազում, նավթի և գազի արտադրության անկում, երկրի շինարարական հատվածի հետընթաց, դրան զուգահեռ գնաճ. հեղինակն Ադրբեջանում տիրող իրավիճակը համեմատում է «հոլանդական հիվանդության» հետ, երբ տնտեսության որոշակի հատվածի առաջխաղացումը զուգակցվում է մյուս հատվածների անկման հետ: Նավթային եկամուտներից կախված իր իշխանությունը պահպանել ցանկացող Ալիևին մնում էր ոչ այլ ինչ, քան հանգստացնել բնակչությանը՝ համախմբելով դրոշի շուրջ:
«Նախորդ տարվա ապրիլին լայնամասշտաբ ադրբեջանական ագրեսիան դրսևորվեց Պանամայի փաստաթղթերի հրապարակման նախօրեին. դրանք բացահայտեցին Ալիևների ներգրավվածությունը խարդախության ու նեպոտիզմի մեջ», - հիշեցնում է հոդվածագիրը:
Հեղինակի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակի հաճախակիացող սրումը միանշանակ պայմանավորված է թե երկրի տնտեսության անկմամբ, թե Ադրբեջանի մեծ ցանկությամբ՝ բացահայտելու վերջին տասնամյակում Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից գնված զինտեխնիկայի կարողությունները: Իսկ Թալիշ գյուղի մոտակայքում վերջերս 10 տանկերի տեղակայումն ու դուրսբերումը հեղինակը համարում է ոչ այլ ինչ, քան մոլորության մեջ գցելու նպատակ հետապնդող մի ծրագիր. Ադրբեջանն այսպես փորձարկումներ է իրականացնում:
«Ալիևի ռեժիմը չի կարող իրեն թույլ տալ երկարաժամկետ պատերազմ այն դեպքում, երբ իր նավթային ենթակառուցվածքը հնարավոր է հայտնվի սպառնալիքի տակ, ուստի այն պարզապես սահմանափակվելու է բախումներով, ինչին ականատես եղանք նախորդ տարի», - եզրափակում է Forbes-ի հոդվածագիրը: