Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի վերաբերյալ ընդունված բանաձևում ի թիվս մի շարք հարցերի՝ կար նաև անդրադարձ հայ-թուրքական հարաբերություններին: Բանաձևում կոչ է արվում Թուրքիային ու Հայաստանին աշխատել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ավելին, Եվրախորհրդարանի բանաձևում շեշտվում է, որ թուրք-հայկական սահմանի բացումը կարող է տանել հարաբերությունների բարելավման, մասնավորապես՝ անդրսահմանային համագործակցության և տնտեսական ինտեգրման:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Թուրքիան երբեք կառուցողական մոտեցում չի ցուցաբերել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Չնայած Թուրքիայի կողմից ժխտողական քաղաքականության շարունակմանը՝ 2008թ.-ին Հայաստանը նախաձեռնեց «ֆուտբոլային դիվանագիտությունը» և Ցյուրիխյան ողջ գործընթացը, որը տապալվեց, քանի որ Թուրքիայի իշխանությունները չցուցաբերեցին համապատասխան քաղաքական կամք և շարունակեցին Հայաստանի հետ խոսել նախապայմանների լեզվով: Եվ այդ ողջ գործընթացում իր ակտիվ դերակատարումն ուներ Թուրքիայի վարչապետ Էրդողանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ կոչը Եվրախորհրդարանի կողմից առաջին անգամը չէ, որ հնչում է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին՝ 2015թ-ի ապրիլի 15-ին, Եվրախորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև՝ կոչ անելով Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, առանց նախապայմանների վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները և բացել Հայաստանի հետ սահմանը:
Ինչևէ, չնայած հնչող կոչերին ու քննադատություններին՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են ապակառուցողական քաղաքականությունը, այդ թվում՝ միակողմանի փակ պահելով հայ-թուրքական սահմանը: Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ է Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ, եթե Թուրքիան դադարի նախապայմանների լեզվով խոսել ու դրսևորի քաղաքական համապատասխան կամք՝ չզրկելով երկու երկրների ժողովուրդներին խաղաղ ապագա կերտելու հնարավորությունից: