Կատարի կառավարությունը հայտարարել է արաբական 4 երկրների կողմից շրջափակման հետևանքով երկրի կրած վնասների փոխհատուցման հարցերով հանձնաժողովի ձևավորման մասին: Segodnya.ua-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է դատախազ Ալի ալ-Մարին:
«Մենք ունենք մարդիկ, գործարարներ, բանկեր, որոնք վնասներ են կրել շրջափակման հետևանքով: Եվ դրա պատճառ հանդիսացողները պետք է փոխհատուցում վճարեն», - ասել է դատախազը: Նա հավելել է, որ փոխհատուցում պահանջելու համար հանձնաժողովը կիրառելու է ինչպես ներքին, այնպես էլ միջազգային մեխանիզմներ:
Նոր ձևավորված հանձնաժողովի կազմում են Կատարի արդարադատության նախարաը և ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արաբական 4 երկրներ (Բահրեյն, Եգիպտոս, ԱՄԷ, Սաուդյան Արաբիա) խզել էին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով վերջինիս ահաբեկչությանն աջակցելու մեջ: Նրանց կողմից իրականացված շրջափակումն արդեն հանգեցրել է Կատարում տնտեսական դժվարությունների: