Համբուրգում ավարտվել է «Մեծ Քսանյակի» գագաթաժողովը, որի ամենավառ պահը, փորձագետների գնահատականների համաձայն, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի, կարելի է ասել, պատմական հանդիպումն է: Միևնույն ժամանակ փորձագետներն արձանագրում են, որ համբուրգյան գագաթաժողովի ժամանակ ԱՄՆ որոշակի մեկուսացում կար:
Սակայն պետք է նշել, որ Համբուրգում ԱՄՆ-ի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ թե վերջինիս մեկուսացման, այլ Արևմուտքի պառակտման դրսևորում է: Այս մասին վկայում են գագաթաժողովի խնդրահարույց հարցերի շուրջ եզրափակիչ փաստաթղթում տեղ գտած ձևակերպումները: Խոսքը, մասնավորապես, տնտեսության մեջ հովանավորչության քաղաքականության և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի վերաբերյալ կետերի մասին է: Այս երկու հարցում էլ Վաշինգտոնի դիրքորոշումը գագաթաժողովի մյուս մասնակիցների դիրքորոշումներից խիստ տարբերվում է: Արդյունքում կողմերին այնուամենայնիվ հաջողվել է որոշակի փոխզիջման գալ: Մասնավորապես, «Մեծ քսանյակի» երկրները համաձայնել են հրաժարվել պրոտեկցիոնիզմի քաղաքականությունից՝ միևնույն ժամանակ ԱՄՆ-ի պնդմամբ ընդունելով որոշ դեպքերում պաշտպանիչ միջոցառուների անհրաժեշտությունը:
Մյուս խնդրահարույց հարցը կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցն էր, որի շուրջ կողմերի տարաձայնություններն ավելի խորն էին՝ պայմանավորված ԱՄՆ-ի կողմից Կլիմայական հարցերով Փարիզի համաձայնագրից դուրս գալով: «Մեծ քսանյակի» երկրները ստիպված էին եզրափակիչ փաստաթղթում արձանագրել այդ փաստը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու պայքարը արդեն առանց ԱՄՆ-ի: Որպես Թրամփի կողմից զիջում՝ փաստաթղթում արձանագրվեց ԱՄՆ-ի ցանկությունը՝ օգնելու մյուս երկրներին ավելի արդյունավետ օգտագործել էներգակիրները:
Առաջին հայացքից փոխզիջումային այս ձևակերպումները կողմերի դիրքորոշումների որոշակի իրական մերձեցում չեն ենթադրում: Ինչպես «Մեծ յոթնյակի», այնպես էլ «Մեծ քսանյակի» հանդիպումից հետո ավելի պարզ է դառնում, որ Թրամփի Ամերիկան միանգամայն այլ՝ իր դաշնակիցներից տարբեր կերպ է տեսնում միջազգային օրակարգը, իսկ Վաշինգտոնի դաշնակիցները չեն պատրաստվում համակերպվել Թրամփի օրակարգի հետ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է նշել, որ այս գագաթաժողովը Ռուսաստանի համար վերջին շրջանում նման մակարդակի ամենաարդյունավետ համաժողովներից էր. այս անգամ միջազգային հանրության թիրախում Թրամփն էր, ուստի Ռուսաստանին մեկուսացնելու Արևմուտքի քաղաքականությունը մղվել էր ետին պլան: