Ստամբուլում ավարտվել է Համաշխարհային նավթային 22-րդ կոնգրեսը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այսպես, համագումարի շրջանակներում Ադրբեջանի նախագահը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի և Սերբիայի նախագահների, Բուլղարիայի, Ալբանիայի, ինչպես նաև Թուրքիայի վարչապետերի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
Կանգ առնենք հանդիպումներից երկուսի վրա՝ Էրդողան-Ալիև և Թիլերսոն-Ալիև:
Էրդողանի հետ հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերություններին՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության բարձր մակարդակը: Հանդիպման ընթացքում նախագահները գոհունակությամբ նշել են երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի հաջող իրականացումը. նշվում է, որ TANAP նախագիծը շահագործման կհանձնվի արդեն 2018 թվականին:
Ալիևն ու Էրդողանը անդրադարձել են նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության ամրապնդմանը և ղարաբաղյան հակամարտությանը:
Ալիևն իր «մեծ եղբորը» հանգամանալից տեղեկացրել է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին: Էրդողանն, իր հերթին, ևս մեկ անգամ նշել է, որ Թուրքիան մշտապես աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Նրանք ընգծել են, որ Թուրքիան և Ադրբեջանը բոլոր հարցերում մշտապես գտնվում են միմյանց կողքին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թիլերսոնի հետ հանդիպման ընթացքում կողմերը խոսել են երկկողմ հարաբերությունների ու տարբեր ոլորտներում իրականացվող համագործակցության մասին: Ալիևը և Թիլերսոնն անդրադարձել են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին՝ մասնավորապես խոսելով հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքի մասին: