Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան մեկ միլիարդ մարդ կարողացել է դուրս գալ աղքատությունից: Սակայն մոտ 760 միլիոն մարդ շարունակում է ապրել աղքատության մեջ՝ օրական 1,9 ԱՄՆ դոլարով: Այս մասին ասվում է Կայուն զարգացման ոլորտում օրակարգի իրականացման ընթացքի մասին ՄԱԿ գլխավոր քարտուղարի նոր զեկույցում, հայտնում է ՄԱԿ-ի լրատվական կենտրոնը:
Հիշեցնենք, որ մինչև 2030 թվականը կայուն զարգացման 17 նպատակներ միաձայն ընդունվել էին ՄԱԿ-ի բոլոր 193 անդամ պետությունների կողմից 2015 թվականի սեպտեմբերին կայացած պատմական գագաթաժողովի շրջանակներում: Այդ ժամանակ համաշխարհային առաջնորդները խոստացան «վերջ դնել աղքատության ու սովի բոլոր ձևերին ու դրսևորումներին և հասնել նրան, որ մարդիկ կարողանան ապրել առողջ միջավայրում և օգտագործեն իրենց ներուժն արժանապատիվ և հավասար պայմաններում»:
ՄԱԿ-ում հանգել են այն եզրակացության, որ աղքատությունն արմատախիլ անելու և աշխարհի բոլոր մարդկանց բարեկեցությունն ապահովելու համար խիստ կարևոր նշանակություն ունի բնակչության խոցելի խմբերի մարդկանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը, քանի որ զարգացման հետ կապված բարիքներն անհամաչափ են բաշխված ինչպես երկրների, այնպես էլ քաղաքի և գյուղի բնակիչների և նույնիսկ տղամարդկանց ու կանանց միջև: