Հայաստանը կկարողանա գազ գնել ԵԱՏՄ-ում ավելի շահավետ ներքին սակագներով: Այդ մասին հուլիսի 18-ին լրագրողներին է ասել ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը, փոխանցում է Panarmenian.net-ը:
Ըստ նրա, մինչև 2025թ. նախատեսվում է ավարտել ԵԱՏՄ եկրկների միջև գազի և էլեկտրաէներգիայի միասնական շուկայի ձևավորման աշխատանքները:
«Դրա շնորհիվ հայ գործարարները կկարողանան գազ ստանալ ԵԱՏՄ ներքին շուկայի գներով, ինչը թույլ կտա կրճատել էներգառեսուրսների վրա ծախսերն արտադրության ժամանակ և նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը: Դա թույլ կտա հայկական արտադրության ապրանքներն ավելի մրցունակ դարձնել ԵԱՏՄ շուկայում»,-ասել է Ազիզյանը:
Նա նշել է, որ միասնական շուկայի առկայությունը ենթադրում է շուկայական գների ձևավորում բորսայում սակարկությունների արդյունքում, որտեղ հայ գործարարները կկարողանան մասնակցել սակարկություններին և գազ գնել իրենց համար շահավետ գնով:
Փոխնախարարը նշել է, որ դա թույլ կտա ավելի տրամաբանորեն ձևավորել գնագոյացման գործընթացը:
Ըստ նրա, դեռ հայտնի չէ, թե որքանով դա կազդի վերջնական սպառողի վրա, սակայն նա ենթադրել է, որ այդպիսի ազդեցություն կլինի: «Գնագոյացումն արդեն կիրականացվի ԵԱՏՄ ներքին շուկայական մեխանիզմների հիման վրա: Ակնկալում ենք, որ արդյունքում սակագները կնվազեն, սակայն բոլոր մեխանիզմները դեռ քննարկման փուլում են: Նախատեսվում է համակարգը գործարկել 2025-ից»,-ասել է Ազիզյանը: