Արցախի նախագահական ընտրությունն առաջին քայլն է պետական իշխանության նոր նորմերի ձևավորման ճանապարհին: «Sputnik Armenia»-ի հաղորդմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դա առաջին գործընթացն է, որը 2017 թվականին ընդունված Սահմանադրության արդյունքը դարձավ։ Այդ քայլը Սահմանադրության իրագործումն է, ոչ ավելին», - ասել է Մելիքյանը։
Ինչ վերաբարում է ժամանակավոր նախագահի ընտրությանը ոչ թե համընդհանուր քվեարկությամբ, այլ Խորհրդարանի նիստով, նրա կարծիքով՝ դրանում ոչ մի զարմանալի բան չկա։ «Այդ քայլն ընտրել է հենց ժողովուրդը 2017 թվականի փետրվարին` մասնակցելով հանրաքվեի», - նշեց մարդու իրավունքների պաշտպանը։
Արցախի նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու է առաջադրվել. Արցախի ներկա նախագահ Բակո Սահակյանը և «Շարժում - 88» Արցախի ԱԺ խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը։
Այսօր՝ հուլիսի 19-ին, Ստեփանակերտում կընտրեն նախագահին։ Հրավիրվել է Խորհրդարանի հատուկ նիստ, որի ընթացքում, առաջին հերթին, կներկայացվեն թեկնածուները, հետո կսկսվեն ընտրությունները։ Արցախի նորընտիր նախագահի անունը հայտնի կդառնա օրվա ավարտին։ Նա կպաշտոնավարի մինչև 2020 թվականը։