Ընթացիկ շաբաթը Ֆրանսիայի հայ համայնքի համար սկսվել է աննախադեպ իրադարձությունով. հուլիսի 17-ին Ֆրանսիայի մեծությամբ երրորդ քաղաքի քաղաքապետ է ընտրվել ազգությամբ հայ Ժորժ Կեպենեկյանը: Կեպենեկյանը այս պաշտոնում փոխարինել է Ժերար Կոլոնին, ով այժմ Էմանուել Մակրոնի գլխավորած կառավարության ներքին գործերի նախարարն է: Կեպենեկյանը ծնվել է 1949 թվականի օգոստոսի 9-ին, հայ գաղթականների զավակ է: Նա մասնագիտությամբ վիրաբույժ է: 2005 թվականից հանդիսանում է Լիոնի «Սուրբ Հովսեփ, Սուրբ Ղուկաս» հիվանդանոցի գործադիր տնօրենը: Հայազգի բժիշկը 2008 թվականին ղեկավարել էր Կոլոմի նախընտրական արշավը, նա 2014 թվականին դարձել է քաղաքապետի առաջին կցորդ՝ մշակույթի հարցերով:
Կեպենեկյանը ակտիվ ներգրավված է հայ համայնքի կյանքում: Նա Լիոնի «Բուլուքյան հիմնադրամի» խորհրդի անդամ է: Ինչպես նշում են ֆրանսիական լրատվամիջոցները, Կեպենեկյանը շատ ամուր կապված է հայկական մշակույթին և հիշողությանը: «Ծագումով հայ Ժորժ Կեպենեկյանը, որը ֆրանսերեն սկսել է խոսել հինգ տարեկանից, իր ամենամեծ հաղթանակը տոնել է 1987 թվականի հունիսի 18-ին, երբ Եվրախորհրդարանը Ճանաչել է Հայոց ցեղասպանությունը», - գրել է «Ֆիգարոն»՝ հավելելով, որ այդ ժամանակ Կեպենեկյանը Հայ դատի պաշտպանության հանձնախմբի պատասխանատու էր:
Նշենք, որ նորընտիր քաղաքապետը անմասն չի մնացել նաև Հայաստանի խնդիրներից. 1988 թվականի երկրաշարժից հետո Կեպենեկյանը եղել է Հայաստան մեկնած փրկարարների առաջին խմբի կազմում: 1990-ականներին Կեպենեկյանը Արցախում վիրահատություններ է արել ռմբակոծությունների տակ:
Կեպենեկյանը ակտիվ դեր է ունեցել նաև Լիոնի կապերը քույր քաղաք Երևանի հետ ակտիվացնելու գործում: Ակնկալվում է, որ այդ կապերը նրա ղեկավարության օրոք էլ ավելի կզարգանան: