Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողովն ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացրած, մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթը, որով արգելվելու է մեջլիսում պատգամավորների կողմից Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնումը, փոխանցում է Artsakhpress-ը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել են, որ քննարկումներ անցկացնելու մեջ որևէ իմաստ չեն տեսնում ու լքել են դահլիճը՝ չմասնակցելով քվ եարկությանը:
Թուրքիայի մեջլիսի սահմանադրական հանձնաժողով ներկայացված օրենքների փաթեթը ենթադրում է պատիժ սահմանել այն պատգամավորների համար, ովքեր կվիրավորեն «թուրք ազգի պատմությունն ու համատեղ անցյալը»: Որպես «վիրավորանք» են ընկալվելու «1915 թվականի դեպքերի մասին» խոսելիս «Հայոց ցեղասպանություն» եզրույթի կիրառումը: Արգելքը վերաբերելու է նաև մեջլիսի ամբիոնից «Քուրդիստան», «քրդական նահանգներ» եզրույթները հնչեցնելուն:
Ըստ փոփոխությունների՝ պատգամավորները կուսակցության խմբակցության առաջարկները ներկայացնելիս առավելագույնն ունենալու են հինգ րոպե: Այն պատգամավորները, ովքեր ընտրվելուց հետո մեջլիսում չեն երդվի, չեն կարողանա օգտվել իրենց իրավունքներից:
Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոր 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):
Փոփոխությունների այս առաջարկին դեմ են հանդես եկել քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների հանրապետական կուսակցությունը: Վերջինիս հայ պատգամավոր Գարո Փայլանը, ով 2017 թվականին պատժվել էր մեջլիսում Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, փոփոպությունների առաջարկն անվանել է «ԱԶԿ-ԱՇԿ ազգայնական ավտորիտար կոալիցիայի առաջարկ»:
Օրենքների փաթեթը քննադատել էր նաև քեմալական կուսակցության հայ պատգամավոր Սելինա Դողանը՝ նշելով, որ դրանցով պարզապես փորձ է արվում մեջլիսում լռեցնել ազգային փոքրամասնությունների ձայնը: