Իրանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է իրանագետ Գոհար Իսկանդարյանի հետ:
- Օրերս հայտնի դարձավ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եղբոր՝ Հուսյեն Ֆերեյդունի ձերբակալության մասին: Նրա հասցեին ֆինանսական մեքենայությունների մեջ մեղադրանքներ հնչել են դեռ 2016 թվականին: Ինչո՞ւ նրան ձերբակալելու մասին որոշումը կայացվեց միայն հիմա:
- Իսկապես, Ռոհանիի եղբոր հասցեին հնչում էին նման մեղադրանքներ: Բայց գործողությունների անցնելու համար, այնուամենայնիվ, սպասեցին ինֆորմացիայի ամբողջացմանը և, ինչու չէ, նաև ԻԻՀ նախագահական ընտրությունների ավարտին: Իմ խորին համոզմամբ հոգևոր առաջնորդն այնքան էլ չէր ցանկանում նախագահի պաշտոնում այս անգամ տեսնել Ռոհանիին: Սակայն ընտրություններում Իրանի երիտասարդությունը, առաջադեմ զանգվածը, արևմուտքի հետ հարաբերությունները շարունակելու ցանկություն ունեցող քաղաքացիները իրենց քվեն տվեց Ռոհանիի օգտին: Սա մի փոքր փոփոխություն մտցրեց հոգևոր դասի խաղաքարտերի մեջ: Սա որոշակի լարվածություն առաջացրեց Իրանի ներքաղաքական դաշտում: Այսօր հաճախ են ընդդիմությունից Ռոհանին ուղված հայտարություններ արվում, թե նա կարող է արժանանալ ԻԻՀ առաջի նախագահ Բանիսադրի ճակատագրին, այսինքն՝ հեռացվել պաշտոնից: Ի պատասխան` Ռոհանին իր ընտրազանգվածին կոչ է անում չվախենալ այն փոքրամասնությունից, որի ձեռքում այս պահին գտնվում են մեծ բարձրախոսներ, և սա չի նշանակում, որ նրանք կարող են իրենց հետ վարվել այնպես, ինչպես ուզում են: Այս հայտարարության սլաքները կարծես ուղղված է հենց բարձրագույն հոգևոր դասի կողմը, որոնց գործողությունները անպատճառ համաձայնեցվում է հոգևոր առաջնորդի հետ:
Եվ հետաքրքրական է, որ այս ընթացքում ձերբակալվեց նախագահի` Ռոհանիի եղբայրը:
Կարծում եm Ռոհանիի եղբոր այս պահի ձերբակալությունը պատասխանն է այն բանի, որ Ռոհանին փորձում է իրականացնել որոշակի ինքնուրույն քաղաքականություն: Ինչպես գիտենք, Իրանում թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականությունն ամբողջովին որոշում է հոգևոր առաջնորդը, և այս կերպ փորձ է արվում պահպանել ավելի քան 30 տարի տիրող այս իրավիճակը:
Նման սցենար էր տեղի ունեցել, Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ ևս, երբ նրա երկրորդ նախագահության շրջանում հոգևոր առաջնորդ-նախագահ հարաբերությունները այնքան էին լարվել, որ Իսլամական պահապան կորպուսի ղեկավարը հոգևոր առաջնորդից խնդրել էր հրաման տալ անգամ նախագահին ձերբակալել: Այդ ժամանակ ենք ականատես եղանք նախագահի կողմնակիցների շրջանում բավական շատ ձերբակալություններ տեղի ունեցան:
- Եղբոր ձերբակալությունը ինչպե՞ս կազդի Հասան Ռոհանի նախագահության և Իրանում նրա քաղաքական կշռի վրա:
- Կարծում եմ, որ սա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ: Բավական կձգձգեն հետաքննությունը, որպեսզի այն ճնշման գործիք լինի Ռոհանիի նկատմամբ, սակայն դա որևէ կերպ չի ազդի նրա նախագահության վրա: Ի վերջո Ռոհանիին ընտրել է Իրանի ժողովուրդը, և նա պատասխանատու չէ իր եղբոր արարքների համար: