Իրանի արվեստագետների տան «Նասերի» դահլիճում հուլիսի 23-ին տեղի ունեցավ հայկական ֆիլմերի շաբաթվա բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, դեսպանության դիվանագիտական անձնակազմը, Հայաստանից ժամանած կինոռեժիսորներ Արամ Շահբազյանն ու Արեն Վաթյանը, մեծաթիվ հյուրեր, հաղորդում էՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Իրանի երեք քաղաքներում՝ Թեհրանում, Մաշհադում և Շիրազում հուլիսի 23-ից 29-ը ցուցադրվելիք ֆիլմերն ու դրանց կարճ բովանդակությունը:
Հանդիսությանը ելույթով հանդես եկավ դեսպան Թումանյանը, ով ներկայացրեց հայկական կինոյի անցած ուղին և հայ-իրանական մշակութային առնչությունները:
Բացման արարողությանը հաջորդեց Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հայ կինոռեժիսորների մասնակցությամբ տեղի ունեցավ համատեղ քննարկում՝ նվիրված հայկական կինոարվեստի պատմությանն ու կինոյի ոլորտում հայ-իրանական համագործակցության հեռանկարներին: