ԵԽ հանձնակատարը տեղեկացվել է Ադրբեջանի կողմից ՀՀ գյուղերի գնդակոծման մասին

17:01     24 հուլիսի, 2017

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից 2017-ի հուլիսի 20-22-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը գնդակոծելու վերաբերյալ, հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի ներկայացուցչի հետ, հայտնում է Pan Armenian:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին ադրբեջանական զինուժի կողմից ՀՀ խաղաղ բնակչության գնդակոծությունների վերաբերյալ:

Արման Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախավորում են հատկապես քաղաքացիներին և նրանց գույքը, գնդակոծում են գյուղերի դպրոցները, մանկապարտեզները, բնակելի տները, հատկապես՝ օրվա այն ժամերին, երբ ավելի մեծ է խաղաղ բնակիչների կյանքին և առողջությանը վնաս պատճառելու հավանականությունը:

Պաշտպանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է հրապարակայնորեն դատապարտի քաղաքացիական բնակչության թիրախային գնդակոծությունները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի պայմանավորվածության համաձայն՝ վերջին օրերին Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Բարեկամավան գյուղերի գնդակոծությունների ու դրանց հետևանքների վերաբերյալ տվյալները հատուկ սկզբունքով կամփոփվեն և կներկայացվեն հանձնակատարին, հայտնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:


© armedia.am