«Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է հարցազրույց Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբան, հ.գ.թ., դոցենտ Սոնա Հարությունյանի հետ:
-Անկախ օբյեկտիվ հանգամանքների առկայությանը՝ այսօր հայ հասարակության մոտ նկատվում է դեպրեսիվ տրամադրություն, որոշակի տխրություն: Ի՞նչ եք կարծում, որո՞նք են հիմնական պատճառները: Այդյո՞ք սա առավել խորքային, գենետիկ բացատրություն ունի:
-Նախ, օբյեկտիվ հանգամանքները, հատկապես հոգեբանական անվտանգությանը սպառնացեղ գործոններն ու իրավիճակները կարող են պատճառ լինել անկումային մթնոլորտի ապահովման: Ինչ վերաբերում է ազգային առանձնահատկություններին, ապա իրավացի եք, մեր հիշողությունները ևս նպաստավոր պայման կարող են ստեղծել մռայլ տրամադրության համար: Եվ, ինչ խոսք, չմոռանանք անձնային առանձնահատկությունների մասին. չէ՞ որ անկախ հանգամանքներից, ոմանք կենսուրախ են, ոմանք` մռայլ: Ի դեպ, նպաստող գործոն կարող է լինել նաև բացասական տեղեկատվության հոսքը, սեփական խնդիրների թեմաներով շրջապատին անընդհատ հոգնեցնելը, մշտական դժգոհությունները: Վատ տրամադրությամբ մարդիկ «վարակում են» նաև մյուսներին (հարազատներին, ընկերներին, հարևաններին, գործընկերներին): Կա տեսակետ, համաձայն որի` տրամադրությունը մտքերի արդյունք է: Հետևաբար, անհրաժեշտ է «զինվել» դրական մտքերով և «վարակել» միմյանց դրական հոգեվիճակով:
- Ի՞նչ կարող են անել հոգեբանները հասարակությունում տիրող ընդհանուր մթնոլորտը բարելավելու համար: Ի՞նչ հստակ գործողություններ են անհրաժեշտ:
- Պարզապես անհրաժեշտ է ակտիվացնել հոգեբանին դիմելու մշակույթը, որպեսզի մարդիկ բացասական հոգեվիճակների, քրոնիկ սթրեսների, անհաղթահարելի թվացող խնդիրների դեպքում կարողանան վերագտնել ներքին ներդաշնակությունն, ինչն էլ ակամայից կսփռվի նաև շրջապատում: Հոգեբանները կարող են լուսաբանել և լուսաբանում են հոգեկան առողջությանն առնչվող խնդիրների հոգեբանական ասպեկտները: Իսկ տեղեկատվությունն առաջնային նշանակություն ունի այս կամ այն խնդիրը հաղթահարելու կամ զերծ մնալու գործընթացում: Հոգեբանները կազմակերպում են տարբեր սեմինարներ, թրեյնինգներ, որոնք ի նպաստ են հոգեկան առողջության պահպանման և ամրապնդման համար: Սակայն գաղտնիք չէ, որ հոգեբանական աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է երկկողմանի գործողություններով, և միայն հոգեբանների ակտիվությունը բավարար չէ որևէ արդյունք արձանագրելու համար, անհրաժեշտ է նաև հասարակության ներգրավվածությունն այդ աշխատանքներում:
Ինչ խոսք, հոգեբանական տեսանկյունից, ընդգծենք նաև ԶԼՄ-ների կարևորագույն դերը հասարակության մեջ այս կամ այն երևույթը սերմանելու հարցում: Ներկայումս լրահոսը հեղեղված է բացասական երանգավորված տարաբնույթ և հաճախ ոչ անհրաժեշտ տեղեկատվությամբ: Այս հարցին ևս անհրաժեշտ է հետևողական լինել:
Լինելով լավատես՝ ամփոփեմ խոսքս հետևյալով. ցանկացած հասարակություն ունի իր առանձնահատկությունները, մենք` հայերս, միշտ էլ զուսպ ենք եղել դրականն արտահայտելու և խրախուսելու հարցում, սակայն վստահ եմ, որ ժամանակի ընթացքում համատեղ հետևողական աշխատանքների արդյունքում լավատեսությունն ու ժպիտը գերակշռող կլինեն մեր առօրյա կյանքում: