Չին գործընկերների հետ բանակցությունները տվել են սպասված արդյունքը: ՔԱԳՎ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հրավերով օգոստոսի 8-ին Հայաստան է ժամանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչակազմի պետի տեղակալ Վանգ Ճիցինգի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը՝ մասնակցելու երկօրյա բանակցությունների, հայտնում է Panorama.am-ը:
Վարչության պետի տեղակալ Արսեն Պողոսյանը, ողջունելով չին գործընկերներին, ներկայացրել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա վիճակը, կատարված բարեփոխումները, այդ թվում՝ Չինաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի դյուրացումը, ինչը ևս միտված է երկու երկրների միջև համագործակցության խթանմանը:
Չին պատվիրակները, իրենց հերթին ներկայացնելով Չինաստանի ավիացիոն իշխանության ոլորտում արձանագրած ցուցանիշները, նշել են իրենց հետաքրքրվածությունը Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների կազմակերպման վերաբերյալ, անդրադարձ են կատարել մասնագետների վերապատրաստումների կազմակերպմանը, փորձի փոխանակմանը և միջկառավարական համագործակցության զարգացմանը:
Այցի շրջանակներում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը և ստորագրվել է երկու պետությունների ավիացիոն իշխանությունների միջև փոխըմբռնման հուշագիրը:
ՔԱԳՎ-ից մանրամասնում են, որ համաձայնագրով կարգավորվում են երկու պետությունների հարաբերությունները թռիչքային, ավիացիոն անվտանգության ապահովման, լիցենզիաների և վկայականների փոխճանաչման և մի շարք այլ ոլորտներում, ինչպես նաև՝ ամրագրվում են երկու պետությունների ավիաընկերություններին թույլտվությունների տրամադրման սկզբունքները:
Բանակցությունների արդյունքում երկու պետությունների ավիացիոն իշխանությունները եկել են համաձայնության երկու պետությունների ավիաընկերություններին փոխադարձաբար տրամադրել օդի 5-րդ ազատության իրավունքով երթուղիների շահագործման իրավունք: