Ցանկացած երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված Հայաստանը հստակ դիրքորոշում ունի և այն չի փոխվել, քանի որ այդ զենքն օգտագործվում է ոչ միայն ռազմական թիրախներ խոցելու, այլ նաև խաղաղ բնակչության դեմ: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով օգոստոսի 14-ին իսրայելական «Հաարեց»-ում հրապարակված այն տեղեկությունը, որ ադրբեջանական կողմը պահանջել է իսրայելական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունից դրանք փորձարկել հայկական դիրքերի վրա, հայտնում է «Արմենպրես»-ը:
«Խնդիրների մասին տեղյակ ենք, հետևում ենք դրանց: Գործընթացներ են ընթանում: Արցախի անվտանգության հետ կապված բոլոր գործընթացներին մենք ուշադիր հետևում ենք» - ասել է Բալայանը:
Անդրադառնալով Հայաստան-Իսրայել հարաբերություններին՝ ԱԳՆ խոսնակը նշել է. «Եթե ուշադրություն դարձնենք մեր դիվանագիտական շփումների աշխարհագրությանը, ապա այնտեղ ինչ-որ դինամիկա կնկատենք»: