Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի բացառել միջուկային համաձայնագրից Թեհրանի դուրս գալու հնարավորությունը, եթե Վաշինգտոնը շարունակի Իրանի նկատմամբ իր այժմյան քաղաքականությունը, հայտնում է «Интерфакс»-ը: Նրա խոսքերով, Իրանը «մի քանի ժամվա» ընթացքում կարող է դուրս գալ այդ համաձայնագրից:
«Վերջին ամիսների ընթացքում աշխարհն ականատես է դառնում, որ ԱՄՆ-ն, ի հավելումն միջուկային համաձայնագրի իր մշտական խախտումներին, անտեսել է այլ համաձայնագրեր ևս՝ ցույց տալով իր գործընկերներին, որ ինքը ո՛չ լավ գործընկեր է, ո՛չ բանակցությունների վստահելի կողմ», - ասել է Իրանի նախագահը:
Ավելի վաղ Իրանի խորհրդարանը հաստատել էր հրթիռային ծրագրի ընդլայնման համար նոր ֆինանսների հատկացումը: Դա պատասխան էր Իրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների քաղաքականությանը: