Օգոստոսի 14-ին Ղազախստանում կայացավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որի ժամանակ ընդունվել է որոշում միջկառավարական հաջորդ նիստն անցկացնել Երևանում: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև հանդիպմանը քննարկված հարցերը՝ Հայաստանը պետք է առավելապես պատրաստված հանդես գա Երևանում կայանալիք հանդիպմանը:
Խոսքը մասնավորապես վերաբերում է այն բովանդակային հարցերին, որոնց քննարկումը նախատեսվում է շարունակել Երևանում՝ մինչև տարեվերջ ԵԱՏՄ թվային օրակարգի հաստատումը, վարորդական վկայականների փոխադարձ ճանաչելիության խնդիրը, ԵԱՏՄ -Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների աշխատուժի կենսաթոշակների ապահովման հետ կապված հարցեր:
Ակնհայտորեն թվարկված հարցերից առնվազն առաջին երկուսը մեզ համար հետաքրքրություն ներկայացնող հարցեր են: Թվային օրակարգի հետ կապված հարցերն, ինչի մասին ԵԱՏՄ ներքին քննարկումները մեկնարկել են դեռ այս տարվա սկզբից, ենթադրում են առաջին հերթին թվային հարթակների ստեղծում, սպասարկման մեխանիզմների և տեխնոլոգիաների մշակում: Սա Հայաստանի համար՝ որպես թվային տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային մակարդակում հետզհետե ավելի մեծ ճանաչելիություն ստացող երկիր, հայկական ներուժը կիրառելու բավական լավ հնարավորություն է, եթե դիտարկվի համապատասխան նախաձեռնողականության ապահովումը:
Ոչ այնքան հնարավորությունների, որքան լայն արձագանքների արժանացած խնդրի լուծման տարբերակների հնարավորություն է առաջանում վարորդական իրավունքի վկայանների փոխադարձ ճանաչելիության հարցի քննարկումների շարունակությունը, ինչը ևս ներառվել է Երևանում կայանալիք հանդիպման օրակարգում: Հիշենք, որ ընդամենը վերջերս բարձրացավ ՌԴ-ում աշխատող հայ վարորդների վկայականների հետ կապված աղմուկը:
Մյուս՝ ՀՀ համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող քննարկում է սպասվում ԵԱՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծման հետ կապված հարցը: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ Կառավարության կողմից հաստատվեց հայ-իրանական Մեղրու ազատ տնտեսական գոտու ՓԲԸ ստեղծման մասին որոշումը: Պետք չէ բացառել, որ այստեղ հնարավոր է շահերի հատում, այդ թվում՝ Հայաստան-Իրան ԱՏԳ առավել արագ և արդյունավետ գործարկման համատեքստում:
Իհարկե քննարկվող մյուս հարցերը ևս կարևոր են ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկրի համար, սակայն այդ ամենում մաքսիմալ նախաձեռնողականությունը կապահովի միությունում որոշ ոլորտներում ուրույն տեղ ու նշանակություն ունենալու հնարավորությունը: