Բրիտանական «Huck» ամսագիրը հրապարակել է լուսանկարիչ Էմանուելե Ամիգետիի «Չճանաչված երկիր, մոռացված պատերազմ» նախագիծը, որը պատմում է ղարաբաղյան հակամարտության մասին, հայտնում է News.am-ը։
Հեղինակի խոսքով՝ այս նախագծի նպատակն է ցույց տալ Արցախի երիտասարդ բնակիչների կյանքը, պատմել, թե ինչ է նշանակում ապրել մի տարածաշրջանում, որը հակամարտության վիճակում է գտնվում։
Ֆոտոլրագրողը Ղարաբաղ է եկել 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից մեկ տարի անց։ «Ես որոշեցի փաստագրել այն, ինչ թողել է իր ետեւից այդ հակամարտությունն ու այն ազդեցությունը, որն այն ունեցել է ու դեռ ունի երիտասարդ զինվորականների վրա», - պատմել է հեղինակը։
Սակայն, հեղինակի խոսքով, ինքը չէր ակնկալում տեսնել նման անհոգություն։ «Ես մի կողմ դրեցի իմ ունեցած բոլոր նախապաշարմունքները։ Ես իմացա, թե ինչպես կարելի է զգալ այն, ինչ մյուսներն են զգում, նույնիսկ եթե դու ծնվել ու մեծացել ես մեկ այլ երկրում։ Ես չտեսա ցավ, ես տեսա ցանկություններ, որոնք նման են այն ցանկություններին, որոնք կան այնպիսի երկրներում, որտեղ մեզ հաջողվում է լավ ապրել», - ասել է նա։
Էմանուելե Ամիգետին նշում է, որ ինքը մտադիր էր ներկայացնել նրանց զգացմունքներն ու ապրումները, նաեւ արձագանքն այն ամենին, ինչ տեղի է ունենում։ «Անհավանական արժանապատվությունը, որը ես այնտեղ հայտնաբերեցի, ահա թե ինչն է ինձ համար մշտական ոգեշնչում դարձել», - ամփոփել է նա։