Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքն աստիճանաբար վերականգնվում է՝ անցնելով իր երբեմնի բնականոն հունին: Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեյիսյանի խոսքերով սիրիահայերը կամաց-կամաց վերադառնում են իրենց տները և շարունակում զբաղվել իրենց աշխատանքով, հայտնում է «Արմենպրես»-ը: «Սիրիահայերը վերադառնում են, քանի որ այստեղ են թողել իրենց տունն ու տեղը», - ասել է նա՝ հավելելով, որ հիմնական բարդությունը կապված է ժողովրդի տնտեսական վիճակի հետ:
«Սննդամթերքի պակասի հարցեր չկան, կան միայն նյութական դժվարություններ, սակայն քաղաքի մեջ կյանքն իր աշխատանքային վիճակին է: Վերականգնված է նաև քաղաքի ջրամատակարարումը: Հուսանք, որ առաջիկա օրերին դրական տեղաշարժ կլինի նաև հոսանքի պարագայում, քանի որ բավականին վերջերս հոսանք ունենում էինք օրվա մեջ ընդամենը երկու ժամով», - ասել է պատգամավորը:
Ժիրայր Ռեյիսյանի խոսքով՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցները ևս պատրաստվում են նորամուտին:
Անդրադառնալով Հալեպի օդանավակայանին, Ռեյիսյանն ասել է, որ այն գրեթե պատրաստ է, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով դեռևս չի գործում: «Այնտեղ թռիչքներ իրականացվում են, սակայն ոչ պաշտոնական, հանրային ծառայության իմաստով», - հավելել է նա: