Մոլդովան դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով Մերձդնեստրից ռուս զինվորականների լիարժեք դուրսբերման հարցը ներառել Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 12-ին մեկնարկող 72-րդ նստաշրջանի օրակարգում։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Մորարուի նամակում, փոխանցում է Deutsche Welle-ն։
Քիշնևում կարծում են, որ ռուս զինծառայողների ներկայությունն սպառնալիք է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար։
Նամակում Մորարուն հիշեցրել է նաև 1999 թվականի ԵԱՀԿ հռչակագրի մասին, որն ողջունել է ՌԴ-ի պարտավորությունը՝ ավարտելու ռուսական զորքերի դուրսբերումը Մոլդովայի տարածքից մինչև 2002 թվականի վերջին։