Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զայբեկչիի հայտարարությունը, համաձայն որի «Թուրքիան պատրաստվում է մտնել ԵԱՏՄ մաքսային տարածք», քննարկումների լայն ալիք առաջացրեց: Հաշվի առնելով խնդրի զգայունությունը մեր հանրության համար, ինչպես նաև առկա բավական հակասական մոտեցումներն՝ անհրաժեշտ ենք համարում հարցի շուրջ մի քանի դիտարկում առանձնանցնել:
ԵԱՏՄ-ում չկա մաքսային տարածք հասկանությունը: Փոխարենը կա երկու հիմնական կատեգորիա՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և առևտրային պայմանագրի կնքում: Նշենք, որ վերջինիս մասով ներկայումս բանակցություններ են ընթանում, օրինակ, Չինաստանի ու Իրանի հետ, ինչպես նաև մի շարք այլ երկրների, սակայն Թուրքիայի հետ նման բանակցություններ չկան: Հետևաբար թուրք նախարարի հայտարարությունն ի սկզբանե կոռեկտ չէ, հետևաբար դրա վրա հիմնվելով վաղաժամ եզրակացություններ անելը ևս ճիշտ չէ:
Թուրքիան հայտնի է իր արտաքին քաղաքականության «ճկունությամբ»: Դա այն երկիրն է, որը վերջին տարիներին պարբերաբար «սիրախաղեր է վարում» ուժային կենտրոնների և տարբեր կառույցների հետ հարաբերվելիս՝ կիրառելով առևտրային պարզագույն մոդել և փորձելով որևէ ուղղությունից ստանալ իր համար լավագույն առաջարկ-զիջումը: Դրա վառ օրինակ է ԵՄ հետ անդամակցությանն ուղղված տարիների չստացված ջանքերը. այսօր Եվրամիության տարբեր դերակատարների կողմից արդեն հստակ հնչում են հայտարարություններ, համաձայն որոնց ԵՄ անդամակցության հարցը Թուրքիայի համար առնվազն կկասեցվի: Չի բացառվում, որ ի պատասխան հենց այդ հայտարարությունների է Թուրքիան ԵԱՏՄ նկատմամբ հավակնություններ հայտնում:
Մյուս կողմից, Թուրքիան բազմաթիվ պարտավորություններ ունի ԵՄ մաքսային գոտու հետ կապված: Սա նշանակում է, որ այս կամ այն այլ մաքսային արտոնություններ ենթադրող տնտեսական տարածքին միանալու համար, Թուրքիան նախ և առաջ, պետք է մի շարք հարցերի համաձայնեցմամբ զբաղվի նախկինում ստանձնած պարտավորությունները չհակասելու համար: Սա ինքնին բավական բարդ ու ժամանակատար գործընթաց է:
Եվ վերջապես երրորդ, թերևս կարևորագույն կարևոր գործոնն այն է, որ ԵԱՏՄ-ում որոշումների կայացման գործընթացն իրականացվում է կոնսեսուսի սկզբունքով: Սա նշանակում է, որ ցանկացած որոշում պետք է ստանա անխտիր բոլոր անդամների համաձայնությունը: Հաշվի առնելով հայ-թուրքական հաբարերությունների բնույթն՝ առավել քան ակնհայտ է, որ տվյալ երկրի հետ կապված ԵԱՏՄ ցանկացած համագործակցության հեռանկարի վերաբերյալ Հայաստանն ունենալու է իր հատուկ դիրքորոշումը: Ակհայտ է նաև, որ հայ-թուրքական փակ սահմանի խնդիրը, որը հանդիսնաում է նաև Թուրքիա-ԵԱՏՄ փակ սահման, չի կարող շրջանցվել Թուրքիա-ԵԱՏՄ ցանկացած բանակցություններում:
Չպետք է մոռանալ Հայաստանի Հանրապետությունը չճանաչած Պակիստանի օրինակը, որի հետ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի պայմանագիրը իրականություն չդարձավ հայկական կողմի վետոյի արդյունքում:
Ցավոք, վերոնշյալ բոլոր նրբությունները ոչ բոլորի կողմից են հաշվի առնվում, ինչն էլ դարձել է ոչ օբյեկտիվ մեկնաբանությունների պատճառ: