2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո Թուրքիա-ԵՄ հարաբերություններում նկատվող բացասական դինամիկան շարունակվում է: Վերջին շրջանում Թուրքիայի հարաբերությունները սրվել են հատկապես Գերմանիայի հետ: Երկու երկրների կողմից պարբերաբար հնչում են փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ: Թուրքիան պնդում է, որ Գերմանիայում ապաստան են գտել գործող իշխանությունների մեծ թվով հակառակորդներ: Նրանց մեղադրելով հեղափոխության փորձի մեջ՝ պաշտոնական Անկարան բազմիցս պահանջել է Գերմանիայի իշխանություններից հանձնել նրանց թուրքական կողմին: Սակայն, ի պատասխան, Գերմանիան նույնիսկ արգելում է թուրք քաղաքական գործիչներին հանդիպումներ անցկացնել իր տարածքում բնակվող թուրքական մեծաքանակ համայնքի ներկայացուցիչների հետ: Թուրքիա-Գերմանիա հարաբերություններն այն աստիճան են սրվել, որ Էրդողանը չի խուսափում նույնիսկ վիրավորանքներից՝ պահանջելով Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելից, որպեսզի վերջինս «իմանա իր տեղը»: Նա նաև նշել է, որ իր համար մեկ է՝ կբացի Գերմանիան իր դռները Թուրքիայի համար, թե ոչ: Ի հավելումն այս ամենի՝ Գերմանիան Թուրքիային մեղադրել է իր ներքին գործերին միջամտելու մեջ, քանի որ Էրդողանը կոչ է արել Գերմանիայի քաղաքացիություն ունեցող ծագումով թուրքերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին չքվեարկել երկրի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության և «մյուս թշնամիների» օգտին:
Գերմանիան եվրոպական միակ երկիրը չէ, որ Թուրքիային նման մեղադրանք է ներկայացնում: Ավսրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցն արդեն հայտարարել է, որ չի հանդուրժի Թուրքիայի կողմից միջամտություն իր երկրի ներքին գործերին, գրում է Lenta.ru-ն: Նրա կարծիքով՝ Էրդողանը ցանկանում է օգտագործել թուրքական ծագում ունեցող Գերմանիայի և Ավստրիայի քաղաքացիներին՝ Թուրքիայի խնդիրները ԵՄ տեղափոխելու համար: Բացի այդ, Սեբաստիան Կուրցը բացառում է Թուրաքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Ըստ նրա՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում Թուրքիան «փաստացի հատել է բոլոր կարմիր գծերը»:
Ավստրիային և Գերմանիային միացել է նաև Բուլղարիան՝ Թուրքիային մեղադրելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ: Որպես բողոքի նշան՝ Բուլղարիան նույնիսկ հետ կանչեց Թուրքիայից իր դեսպանին:
Թուրքական իշխանությունների կողմից 2016 թվականին իրականացված զանգվածային ձերբակալությունները, առողջապահության և կրթական ոլորտներում մի շարք աշխատակիցների աշխատանքից ազատելը, բազմաթիվ ԶԼՄ-ների փակումը ցույցերի ալիքի պատճառ դարձան եվրոպական մի շարք երկրներում: ԵՄ-ն հայտարարեց, որ Անկարայի վարքագիծը կասկածի տակ է դնում ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումը: Եվրախորհրդարանն ընդունեց թուրքական իշխանությունների գործողությունները քննադատող մի շարք բանաձևեր՝ կոչ անելով անգամ դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները: Թեպետ Եվրախորհրդարանի նմանօրինակ բանաձևերը չունեն իրավական ուժ, և բանակցությունների ճակատագիրը վճռում են ԵՄ անդամ-երկրները, այս անգամ նրանց դիրքորոշումներում ընդհանրությունները շատ էին: Դրա արդյունք հանդիսացավ այն, որ 2016 թվականին ԵՄ անդամ 27 երկրները պայմանավորվեցին չբացել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցային փաթեթի նոր գլուխներ:
ԵՄ յուրաքանչյուր հայտարարություն արձագանք էր ստանում թուրքական իշխանությունների կողմից: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնիսկ հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցության հարցի վերաբերյալ կարող է հանրաքվե անցակցվել: Իսկ վերջերս Թուրքիայի նախագահը բարձրաձայնեց, որ Անկարան թեթև շունչ կքաշի, եթե ԵՄ-ն հրաժարվի ընդունել Թուրքիային:
Ուշագրավ է նաև, որ Եվրոպայի հետ հարաբերությունների լարված ֆոնին Թուրքիան սկսել է հայտարարություններ տարածել Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագիր կնքելու մտադրության մասին: Ինչևէ, եթե նույնիսկ Թուրքիան հստակ ցանկություն հայտնի միությանը միանալու մասին, այդ գործընթացը ևս չի ընթանա առանց խոչընդոտների: Նախ, Թուրքիան Մաքսային համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ, այդ իսկ պատճառով գրեթե անհնար է միանալ նման մեկ այլ միության: Բացի այդ, կան այլ խնդիրներ ևս: Օրինակ՝ Հայաստան-Թուրքիա փակ սահմանը: Ամենայն հավանականությամբ, ԵԱՏՄ-ի հետ կապված հայտարարությունը Թուրքիայի հերթական շանտաժն է ուղղված ԵՄ-ին՝ նրա վրա ճնշում գործադրելու նպատակով: Սակայն, դժվար թե ԵՄ-ն հետ կանգնի իր դիրքորոշումից Թուրքիայի «սպառնալիքների» պատճառով: Հաշվի առնելով ստեղծված լարված իրավիճակը և այն, որ Թուրքիան անօգուտ թակում է ԵՄ դռները դեռևս սկսած 1987 թվականից՝ ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է զինվի համբերությամբ, քանի որ հանգամանքները վկայում են, որ դա մոտ ապագայի կարգավորման հարց չէ: