Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը՝ այն «բացարաձակապես անընդունելի» և «ձախողման դատապարտված» համարելով: Այս մասին հայտնում է News.am-ը:
Հոգլանդի ներկայացրած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 կետերը կոչ էին անում Լեռնային Ղարաբաղի շուրջ «օկուպացված տարածքները» վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության ներքո:
«Վարչակազմը ներկայացնում է Արցախի ոչնչացման ևս մեկ անխոհեմ բաղադրատոմս՝ հավանաբար ակնկալելով, թե մենք չենք հասկանում Հայաստանի պատմությունը, թե մեզ Արցախի հետ 100-տոկոսանոց համերաշխությունը չի բավականացնի, և որ մեր աշխարհաքաղաքական շահերում ոչ մի իմաստ չկա: Մի խոսքով՝ մենք տխմարներ ենք: Բացարձակապես անընդունելի է և ձախողման է դատապարտված», - Armenian Weekly-ի հետ զրույցում հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նրա խոսքով՝ հայտարարությունը խրախուսում է «ավելի ագրեսիվ դարձող Ադրբեջանին» և Արցախի համար վտանգներ է ստեղծում: «Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին իրավասություններ տրամադրելու փոխարեն, վարչակազմը սկզբից ևեթ նրան ծանր վիճակում է դրել՝ ներկայացնելով խեղաթյուրված և կեղծ շրջանակներ, որոնք հակասում են ամերիկյան արժեքներին և խափանում են ԱՄՆ ազգային շահերը ամուր խաղաղության և ժողովրդավարության հաստատման գործում»,- հավելել է նա: