ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնությունների մի փաթեթ, համաձայն որի ձևակերպված է չսահմանված վայրում աղբ թափելու տուգանքների չափերը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեպքում: Այս մասին տեղեկանում ենք «Հայկական ժամանակ»-ից: Ստորեւ ներկայացնում ենք օրենսդրական փաթեթից առանձնացված ավելի հաճախ հանդիպող դեպքերը:
Շրջակայքում մինչեւ 2 կգ աղբ թափողը կտուգանվի 16 հազար դրամով: Եթե նույն գործողությունը կատարվել է բնակելի տան պատուհանից կամ շենքից առաջացնում է 20 հազար դրամ տուգանք:
Եթե փոխադրամիջոցի միջից է նետվել աղբը, ապա տուգանվում է դրա վարորդը, իսկ եթե հանրային տրանսպորտից է աղբ նետվել, ապա աղբ նետողն է տուգանվում: Այս երկու դեպքերում էլ տուգանքի չափը 24 հազարական դրամ է կազմում:
Մինչեւ 1 խորանարդ մետր շինարարական կամ այլ իներտ թափոնով աղտոտումն առաջացնում է տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում` 100 հազար դրամի չափով:
Տարածքի աղտոտումն ընտանի կամ այլ կենդանիների փոքրաչափ կենսաբանական նյութերով առաջացնում է տուգանքի նշանակում 10 հազար դրամի չափով
Անվտանգ թափոնների այրումը (այդ թվում տերեւները, կանաչ/այգու, կենցաղային թափոնները) բաց երկնքի տակ կամ այրման համար չնախատեսված սարքավորումներում առաջացնում է տուգանքի նշանակում 40 հազար դրամի չափով:
Վարչական իրավախախտումների դեպքում իրավախախտը կրում է նաեւ թափոններով աղտոտած տարածքը մաքրելու պարտավորությունը: Դրված պարտավորությունը կամովին չկատարվելու դեպքում տարածքի մաքրումը ապահովում է համայնքապետարանը, կամ համայնքապետարանի լիազոր անձը, իսկ մաքրման ծախսերը կրում է իրավախախտը:
Սահմանված վարչական իրավախախտում արձանագրող լիազոր մարմնի աշխատակցի պարտավորությունների կատարմանը եւ կամ լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ 1 միլիոն դրամ:
Օրենսդրական փաթեթը կառավարության հավանությանն արժանանալուց հետո խորհրդարանում կդրվի քվեարկության: