Օգոստոսի 28-ին Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել էր «Խոստում» ֆիլմի ցուցադրությունը՝ նախատեսված Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար, գրում է 1in.am-ը:
Ցուցադրությանը ներկա էին բազմաթիվ դիվանագետներ, մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կառույցների անդամներ, գիտնականներ, դասախոսներ և Կալիֆորնիայի համալսարանում հիմնադրված «The Promise» ինստիտուտի ներկայացուցիչներ:
Հյուպատոս Արմելլա Շաքարյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում Հայաստանի և Սփյուռքի միացյալ ջանքերի շնորհիվ արձանագրվել է նշանակալի առաջընթաց, որի մեջ իր հաստատուն ներդրումն ունի նաև ամերիկահայ համայնքը: Արմելլա Շաքարյանը նաև ներկայացրեց Հայաստանի Հանրապետության հետևողական ջանքերը նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:
Ողջունելով ֆիլմը ցուցադրելու նախաձեռնությունը՝ Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչ Քաիթ Փարքերն ասաց, որ ֆիլմի միջոցով կարելի է տեսնել ու զգալ, թե ինչ է պատահում, երբ մարդը երես է թեքում մարդուց, հասկանալ, որ հնարավոր չէ անվերջ անտեսել պատմությունը: