Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին բանտում մի քանի անգամ ստիպել են ինքնասպան լինել:
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քրեակատարողական հիմնարկների գլխավոր վարչության կողմից հրահանգվել է Օգյուն Սամասթին ընդհանուր պատժախցից տեղափոխել առանձնախուց: «Շտապ» կոդով եկած հրահանգի մեջ նշվել է, թե այդ ամենն արվելու է Օգյուն Սամասթի անվտանգությունն ապահովելու համար, քանի որ տվյալներ կան, որ Սամասթի կյանքին վտանգ է սպառնում, փոխանցում է News.am-ը:
Թուրքական պարբերականը նաև ներկայացրել է ամիսներ առաջ դատախազությանն ուղղված Օգյուն Սամասթի կնոջ դիմումը, որի մեջ եղել է Սամասթի նամակը։ Նամակում Սամասթը կնոջը հայտնել էր, թե իրեն մի քանի անգամ տեղափոխել են առանձին սենյակ և ծեծի ենթարկել, ստիպելով ինքնասպան լինել։ «Նրանք ինձ ասացին, որ ավելի լավ է ինքնասպան լինեմ, հակառակ դեպքում ինձ դաժան ձևով կսպանեն»,-գրել է Սամասթը նամակում։
Այս դեպքից հետո Սամասթին Սիլիվրիի բանտից տեղափոխել են Քոջաէլիի բանտ։
Օգյուն Սամասթը Դինքի սպանությունն իրականացնելու եւ անօրինական զենք ունենալու համար դատապարտվել է 22 տարի ազատազրկման, սակայն սպանության պահին անչափահաս լինելու հանգամանքով նրա պատժաժամկետը իջել է 14 տարվա։ Սամասթը բանտից դուրս կգա 4 տարի հետո։