Բելգիայում անցկացվող Total 24 Hours of Spa 24-ժամյա աշխարհահռչակ ավտոմրցարշավում լիբանանահայ վարորդ Ալեքս Դեմիրճյանը գրավել է երրորդ պատվավոր հորիզոնականը: Այս մասին հայտնում է Արցախպրեսը՝ վկայակոչելով Asbarez-ին:
Total 24 Hours of Spa-ն հայտնի է որպես աշխարհում ամենաբարդ ավտոարշավներից մեկը՝ հաշվի առնելով 24 ժամ վարելու հանգամանքն ու տարածաշրջանի եղանակային պայմանները:
Ավտոմրցարշավին մասնակցող 64 ավտոմեքենաներից եզրագծին են հասել միայն 35-ը: Դեմիրճյանը ավտոմրցարշավը համարել է կարևոր հնարավորություն՝ ներկայացնելու հայկական ու լիբանանյան համայնքները: Նրա վարած Ferrari 488 GT3 ավտոմեքենայի վրա եղել են Հայաստանի դրոշի գույները՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն, ինչպես նաև Լիբանանի դրոշը: «Հիանալի զգացում է եզրագիծը հատել Հայաստանի ու Լիբանանի դրոշներով»,- ասել է Ալեքս Դեմիրճյանը: